Հայաստանի տարածքում ռուսական բազայի տեղակայման մասին պայմանագիրը վերանայելու հարց ներկա պահին չկա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր գլխավորած գերատեսչության 2024 թվականի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Այդպիսի հարց՝ ռազմաբազայի հարցը, օրակարգում այս պահին գոնե չկա»,- նշել է Միրզոյանը:
Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից եւ Հայաստան-Իրան սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցին` արտգործնախարարը նշել է, որ ռուսական կողմը իր ծառայություններն է մատուցել Երեւանին, քանի դեռ Հայաստանը չէր կարողանում կազմավորել այն բոլոր անհրաժեշտ ինստիտուտները եւ հմտությունները, որոնցով հնարավոր կլիներ ապահովել այդ առաքելությունը:
«Մենք ինչ-որ պահի շնորհակալություն ենք հայտնել ռուս սահմանապահ ծառայությանը եւ ասել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կարող ենք արդեն ինքնուրույն հոգալ այդ հարցը, այնուհետեւ ինչ-որ փուլում մենք ստանձնել ենք ամբողջական վերահսկողություն Հայաստանի եւ Իրանի միջեւ գործող անցակետի նկատմամբ»,- հայտարարել ՀՀ արտգործնախարարը։
Միրզոյանն ընդգծել է, որ եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լինի գործող բաց սահման, եւ լինի նույն վստահությունը, ապա կարողությունների ներդրման հարցը կարող է Թուրքիայի հետ սահմանի մասով նույնպես դիտարկվել: