Հայաստանն ու Եվրամիությունը նախատեսում են ստորագրել գործողությունների նոր օրակարգին վերաբերող փաստաթղթեր։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր գլխավորած գերատեսչության 2024 թվականի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Եվրոպական Միության հետ շարունակում ենք քննարկել եւ, հուսով եմ, առաջիկա ամիսներին կստորագրենք գործընկերության նոր օրակարգը»,- հայտարարել է Միրզոյանը՝ նշելով, որ սա եւս կարող է ընդգրկուն փաստաթուղթ լինել։
Հայաստանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ առաջիկայում սպասվում է ՀՀ եւ ԱՄՆ պաշտոնյաների հանդիպում։
Անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական կարող է տալ փորձագիտական հարթակներում շրջանառվող այն ենթադրություններին, թե մինչ գործող նախագահ Ջո Բայդենի հեռանալը եւ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կարող է ստորագրվել ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Միրզոյանը նշել է, որ երկրների միջեւ կա ռազմավարական երկխոսություն, որը կարող է բարձրացվել գործընկերության մակարդակի։
«Քննարկվող փաստաթղթեր այս մասին, իհարկե, կան: Հանդիպում էլ է նախատեսվում՝ ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաների եւ ԱՄՆ-ն ներկայացնող պաշտոնյաների»,- հայտարարել է արտգործնախարար Միրզոյանը։