Ryanair ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին հայտարարել է, որ դեմ է Բելառուսի օդային տարածքում թռիչքների երկարաժամկետ արգելքին՝ միջազգային հանրությանը հորդորելով երկրից պահանջել երաշխիքներ, որ մայիսի 23-ի միջադեպի նման իրավիճակներ այլեւս չեն կրկնվի:
Օ’Լիրին ընդգծել է, որ կողմ է սահմանված պատժամիջոցներին, բայց երկարաժամկետ հեռանկարում ավիափոխադրողներին անհրաժեշտ է անսահմանափակ մուտք ունենալ դեպի այդ օդային տարածք:
Մայիսի 23-ին Բելառուսում ստիպողաբար վայրէջք կատարած Ryanair-ի ինքնաթիռի միջադեպից հետո բելառուսական փոխադրողներին արգելվել է թռչել Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի տարածքների վրայով, իսկ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց ինքնաթիռների անձնակազմերին հրահանգել են խուսափել Բելառուսի օդային տարածքից՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտություն ներկայացնող դեպքերի:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը հետաքննում է արտակարգ վայրէջքի դեպքը եւ երկու շաբաթվա ընթացքում դրա մասին զեկույց պետք է հրապարակի: