Ալիեւը կրկին հայ-ադրբեջանական հարաբերություններից է խոսել ու կրկին սպառնալիքներ է հնչեցրել։ Հայտարարել է.
«Եթե Երեւանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածություն կբերի։ Մենք սա չենք ուզում: Հայաստանում ֆաշիստական պետություն է ձեւավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,
«Մենք խաղաղություն եւ համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի եւ կբացվի։ Ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»:
Ակնհայտ է, որ Ալիեւը հարաբերությունների սրման է գնում։ Ցանկություններն ու հաշվարկները պարզ են. Հայաստանը պետք է լինի թույլ, անպաշտպան ու հնազանդ կամ չլինի։
Մի քանի օր առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին, Ալիեւը հնչեցրեց իր գլխավոր պահանջներից մեկը՝ թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական սահմանին լինեն եվրոպական դիտորդներ։ Մինչ այդ նա բազմաթիվ կարեւոր պահանջներ էր առաջ քաշել ու առանց լուրջ բարդությունների հաջողել։ Պահանջել էր, որ Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախով հանդերձ՝ Փաշինյանը ճանաչել էր։ Պահանջել էր Փաշինյանի համաձայնությունը, որ հայ-ադրբեջանական բանակցություններում արեւմտյան միջնորդներ չլինեն՝ Փաշինյանը համաձայնել էր։ Ցանկացել էր հայաթափել Արցախն այնպես, որ հայկական կողմը մեծ աղմուկ չբարձրացնի ու չխանգարի՝ Փաշինյանը լռել էր։
Անցած տարեվերջի դրությամբ Ադրբեջանի համար ամենակարեւորը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում եվրոպական դիտորդների հարցն էր։ Ադրբեջանը շատ չի ցանկանում, որ նման դիտորդներ լինեն։ Այս դիտորդները խանգարում են նրան։ Երբ նա դիտորդներ չտեղակայելու մասին էր խոսում, հավանաբար մտածում էր, թե Փաշինյանը կպատասխանի, որ Հայաստանը սահմանի իր կողմում դիտորդներ տեղակայելու իրավունք ունի եւ այդ իրավունքից օգտվելու է, քանի դեռ հարեւան Ադրբեջանից վտանգ է տեսնում։ Փաշինյանը, բայց, անսպասելի ընդունեց Ալիեւի պահանջը՝ ասելով, որ սահմանի սահմանազատված հատվածներում դիտորդներ կարող են եւ չլինել։ Իբր այդ հատվածներից վտանգ էլ չի լինելու։
Նոր հաջողությունից ոգեւորված` Ալիեւն այժմ անցել է վերջնագրերի լեզվին. եթե հայերը խաղաղություն չեն ուզում, ապա մենք էլ չենք ուզում, մեր զինվելու պարագայում Հայաստանը թող չզինվի, Հայաստանը ֆաշիստական պետություն է, Հայաստանը Թուրքիան ու Ադրբեջանը իրար կապող աշխարհագրական խոչընդոտ է։
Իր բոլոր խնդիրները նա արդեն լուծել է։ Մնում են այս վերջնագրերը, որոնք հայկական կողմը կա՛մ պետք է կատարի, կա՛մ Ադրբեջանը գնում է լարվածության սրման ու, վերջին հաշվով, պատերազմի։
Փաշինյանի արձագանքը ավելի քան զգուշավոր էր՝ «Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա, եւ փորձենք հասկանալ, թե ինչն է դրա պատճառը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին»։
Պետք է փաստենք, որ նրա այս վախվորած արձագանքը մի մեծ սուտ է պարունակում. Հայաստանի ոչ մի բարձրագույն իշխանավոր երբեք Ադրբեջանը ֆաշիստական չի անվանել/համարել, ինչպես նաեւ աշխարհագրական խոչընդոտ չի համարել/անվանել։
Հաջորդ արձագանքը, որ «Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին հետեւյալ առաջարկների մասով՝
— ձեւավորել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ,
— բացել Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին,
— համաձայնեցնել «Խաղաղության պայմանագրի» մնացած երկու հոդվածը», ավելի տրամաբանական էր։
Ի՞նչ պետք է անի այս պարագայում հայկական դիվանագիտությունը։ Արտգործնախարար Միրզոյանն արդեն անդրադարձել էր Ալիեւի հայտարարություններին եւ անհամեմատ ավելի սթափ, քան Փաշինյանի արձագանքներն էին։ Իհարկե, տեղին է հիշելն ու հիշեցնելը, որ 1988-ից հետո Հայաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ բռնություններ չեն եղել, եւ տեղին է հիշելն ու հիշեցնելը Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի ջարդերի մասին, որոնք մաքուր ֆաշիստական էին ու իրենց բնույթով ցեղասպան։ Իհարկե, տեղին է հիշելն ու հիշեցնելը, որ ինքը՝ Ալիեւն էր հերոսացնում ազգային պատկանելության պատճառով քնած համակուրսեցուն կացնահարած Սաֆարովին։ Իհարկե, տեղին է հիշելն ու հիշեցնելը, որ հայկական ազգանունով ոչ ոք Ադրբեջան ազատ ելումուտ ունենալ չի կարող։
Այս ամենի մասին եւ Ալիեւի հայտարարությունների մասին հայկական կողմը պետք է խոսի բարձր ու բոլոր հնարավոր ամբիոններից եւ, ամենակարեւորը, պետք է կարողանա հասնել այն բանին, որ այս ամենի մասին եւ Ալիեւի հայտարարությունների մասին խոսեն այլ երկրների բարձր ամբիոններից եւ միջազգային ամենատարբեր ատյաններում։
Ալիեւը նոր խաղ է սկսում։ Այս նոր խաղը կարող է առիթ դառնալ, որ հայկական կողմն ուղղի Փաշինյանի մեծագույն սխալներից մեկն ու կարողանա միջազգային միջնորդներին հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստ վերադարձնել։
Առանց ծանրակշիռ միջնորդների մասնակցության Հայաստանի համար շատ բարդ է ու ապագայում շատ ավելի բարդ է լինելու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։