Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ինքն է ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին այնքան մոտ լինելու, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:
Գրոնոն էլ կարեւորել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետեւողական ընդլայնումը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը:
Կողմերը նաեւ անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության քայլերին, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։