Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում օտարերկրյա զորախմբի հնարավոր տեղակայումն անվանել է Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու լավագույն գործիքներից մեկը։ Բացելով Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան բազայում՝ նա դաշնակիցներին կոչ է արել «ավելի գործնական» լինել այդ հարցում։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ Պուտինի նպատակներն այսօր մնում են անփոփոխ։ Նա ցանկանում է ամբողջությամբ կործանել Ուկրաինան եւ կոտրել մեզ բոլորիս, այդ թվում եւ ձեզ։ Ուստի մեր նպատակը Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու համար հնարավորինս շատ գործիքներ փնտրելն է։
Կարծում եմ, որ գործընկերների կոնտինգենտի տեղակայումը լավագույն գործիքներից մեկն է: Եկեք ավելի գործնական լինենք դա հնարավոր դարձնելու հարցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաեւ նշել է, որ ուկրաինական իշխանությունները «ազդանշաններ են լսել Մեծ Բրիտանիայից»՝ ի պաշտպանություն այս գաղափարի։
«Մենք պետք է համարձակ լինենք եւ պետք է իսկապես ուժեղ գործիքներ առաջարկենք»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։ Որպես նման «գործիքի» օրինակ՝ Զելենսկին բերել է ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ-ի գործողությունը՝ այն անվանելով «Ուկրաինայի ամենամեծ հաղթանակներից մեկը ամբողջ պատերազմի ընթացքում»։
«Ռուսական բազմաթիվ սպառնալիքներն ու համարձակ հայտարարությունները խաբկանք (բլեֆ) դարձան, հատկապես այն բանից հետո, երբ ուկրաինացիները մտան Կուրսկի շրջան։ Վստահ եմ, որ նրանց սպառնալիքներից ավելի շատերը կվերածվեն խաբկանքի, եթե մենք բոլորս միասին էլ ավելի ջանասիրաբար աշխատենք Ռուսաստանին դեպի խաղաղություն մղելու համար»,- հայտարարել է Զելենսկին։
Հանդիպման ընթացքում Զելենսկին կոչ է արել կոնտակտային խմբի մասնակիցներին անվտանգության պայմանագրեր կնքել Ուկրաինայի հետ, ներդրումներ կատարել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ եւ մատակարարել հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը, որոնք արդեն խոստացել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը քննարկվում է 2024 թվականից։ Հարցի շուրջ քննարկումներն ակտիվացան դեկտեմբերի սկզբին, երբ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Reuters-ը հայտնել էր, որ եվրոպական երկրները քննարկում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Մեծ Բրիտանիայից Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորությունը, որի գործառույթը կլինի խաղաղության համաձայնագրի պայմանների կատարմանը հետեւելը, եթե հնարավոր դառնա դրա կնքումը։
Թրամփը, ըստ Reuters-ի, բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին եւ պնդել, որ դա պետք է անեն եվրոպացիները։
Զելենսկին դեկտեմբերի կեսերին հաստատել էր, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է երկրում խաղաղապահ առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, սակայն որոշ առաջնորդներից դրական ազդակներ արդեն կան: