Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 20-հոգանոց պատվիրակությունը՝ հույն խորհրդարանական Գեորգիոս Կատրուգալոսի գլխավորությամբ, կժամանի Հայաստան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ըստ ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի՝ պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին:
Նախքան հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետեւելը պատվիրակությունը կհանդիպի քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը իրավական աջակցություն կցուցաբերի:
Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Երեւանում կանցկացվի դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը: