Հայ հանրային-քաղաքական գործիչը կարծում է, որ Հայաստանում «ազգային նոր նախագծի մեկնարկի» անհրաժեշտություն կա, որպեսզի «երկիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի կլանումից փրկվի»: Նա կանխատեսում է, որ «դա կարող է տեղի ունենալ ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչպես 1918 թվականին, երբ Հայաստանի տարածքների մեծ մասն օկուպացված էր, սակայն երբ հայության համառ դիմադրությունն ի վերջո ստիպեց թուրքերին նահանջել եւ հնարավորություն տալ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու»:
Սա փաստացի «նոր պետականակերտման ծրագիր» է եւ, պետք է ենթադրել, քաղաքական որոշակի շրջանակներից աջակցություն ունի, քանի որ հեղինակը նման պատասխանատվությունը վերագրում է «Հայաստանում գործող իրոք ազգային ուժերին»:
Էմոցիոնալ առումով հեղինակի մտահոգությունները լիովին հասկանալի եւ որոշակի իմաստով օրինաչափ են: «Ազգային նոր նախագծի» այս քարոզչությունը շատ արագ կարող է հայ հանրության մի զգալի մասին կոնսոլիդացնել, ինչը շատ ողջունելի եւ բաղձալի կլիներ, եթե հեղինակային հղումները համապատասխանեին պատմական իրողությանը: Նա միանշանակորեն պնդում է, որ 1918 թվականին Հայաստանի «տարածքների մեծ մասն օկուպացված էր»:
Հարց է առաջանում, իսկ 1918 թվականին Հայաստանը (խոսքը պատմա-աշխարհագրական, էթնիկ-քաղաքակրթական տարածքի մասին չէ, այլ ազգային պետականության) կա՞ր:
Այսինքն, երբ Օսմանյան Թուրքիան, ձեռքի տակ ունենալով բոլշեւիկյան Ռուսաստանի հետ Բրեստ-Լիտովսկում կնքած պայմանագիրը, գրավում էր Էրզրումը, Կարսը, Արդահանը, պատերազմում էր Հայաստանի՞, թե՞ Անդրկովկասյան Սեյմի կառավարության դեմ:
Թուրքիայի օկուպացրած տարածքները, այո՛, պատմականորեն հայկական էին, բայց ո՛չ հայաստանապատկան: Իրավական առումով դրանք նախկին ցարական Ռուսաստանի տարածք էին, որ բոլշեւիկները Բրեստ-Լիտովսկի պայմանագրով հանձնել էին Օսմանյան Թուրքիային: Թուրքական բանակը, ըստ բոլշեւիկյան կառավարության հետ համաձայնության, իր ճանապարհին զինված դիմադրության չպետք է հանդիպեր:
Այստեղ պետք է պատմա-քաղաքական երկրորդ ճշտումն անել. որտե՞ղ եւ ե՞րբ են «թուրքերը նահանջել եւ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու հնարավորություն տվել»: Եթե խոսքը 1918 թվականի ապրիլ-մայիսի մասին է, ապա «թուրքերի նահանջի» պարագայում Հայաստանի անկախ պետությունն ինչո՞ւ է 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հռչակվել:
Քաղաքականությունը, պետականակերտումը պոեզիա չի հանդուրժում, եւ փաստերը համառ են: «Ազգային նախագիծ» հռչակել՝ շեշտը դնելով պատմա-քաղաքական իրողությունների հանդեպ քննություն չբռնող պնդումների վրա, նշանակում է ոչ թե «փրկել Հայաստանը», այլ ենթարկել նոր փորձությունների, որովհետեւ հայկական անկախ պետականությունն իրավական առումով ծնունդ է առել 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի հայ-թուրքական պայմանագրով:
Ինչ հանգամանքներում եւ պայմաններով է կայացել այդ պետականաստեղծ ակտը՝ կարող է պատմագիտական բանավեճի առարկա լինել: Դրանից իրականությունը դույզն-ինչ չի փոխվում, ինչպես բազմիցս, ընդ որում՝ գործընթացի անմիջական մասնակիցների կողմից վկայված է, որ հայկական պատվիրակությունը մեկնել է Կոստանդնուպոլիս եւ Օսմանյան կայսրության կառավարության հետ ծանր բանակցություններ վարել, որպեսզի Հայաստանի սահմանները մի փոքր ընդարձակվեն, հաղորդուղիները բացվեն, բեռնափոխադրումները կարգավորվեն:
Հայաստանի սահմանները փոխվել են Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Մուդրոսի զինադադարի պայմաններից մեկն էլ Կովկասից թուրքական բանակի դուրսբերումն էր: Միայն դրանից հետո է, որ Շիրակը, Նախիջեւանը, Կարսը միավորվել են Հայաստանի կազմում, եւ կառավարությունը 1919 թվականին հռչակել է Միացյալ Հայաստան: Մինչ այդ հայկական պետությունը պաշտոնապես կոչվում էր «Արարատյան հանրապետություն»:
Ես հասկանում եմ, որ այս հիշատակումները «սղոցում են» Հայաստանի ազգային ուժերի լսողությունը, գիտակցում եմ պիտակավորվելու եւ «սորոսա-ջհուդա-մասոնական» որակվելու շատ մեծ հավանականությունը, բայց «ջուրն ընկածն անձրեւից չի վախենա»: Մանավանդ որ պատմա-քաղաքական իրողության թեկուզ շատ մասնակի վերհանումը ոչ թե բանավեճի, այլ նոր սերդին գայթակղությունից զերծ պահելու նպատակ ունի:
Ո՞րն է օգտակար՝ դառը «դեղահա՞բը», թե՞ էմոցիոնալության «հաշիշը»:
Այսօրվա Հայաստանը ՀԽՍՀ իրավահաջորդն է, նրա տարածքն այն է, ինչ ունեցել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ: Կարելի է, անգամ պետք է գործող իշխանության «ծոծրակին շնչել», որպեսզի իր հռչակած խաղաղության օրակարգն իրացնի: Կարելի է, պետք է նրան քննադատել, որ այդ նպատակին հասնելու համար գերջանքեր չի գործադրում, նոր գործիքակազմ չի փորձում ստեղծել եւ կիրառել, դիվանագիտական ճակատում ոչ թե նախաձեռնող, այլ աուտսայդեր է: Բայց չի կարելի հանրությանը գայթակղել ոչ իրատեսական «ազգային նախագծով»:
Հայաստանը եւս մեկ փորձություն հաղթահարելու իմունիտետ չունի: Քաղաքական ցանկացած «ճոճք» կնմանվի 1921 թվականի փետրվարյան «ապստամբությանը»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։