Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով շրջանի Դատաբժշկական փորձաքննության վարչության տեղեկությունը։
Նախորդ օրն արձանագրվել էր մահվան 5 դեպք։
Վերջին տվյալներով՝ Լոս Անջելեսի շրջանում հրդեհները ոչնչացրել են մոտ 10 հազար շենք։ Միայն Փսիֆիք Փալիսեյդսում, որտեղ բնակվում են հոլիվուդյան հայտնի աստղերը, այրվել է 5316 շինություն։
Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը հայտարարել է, որ ներկա պահին դեռ գործում է հրդեհի հինգ օջախ։
Շրջանային ոստիկանությունն էլ հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է Վուդլենդ Հիլզ շրջանում հրկիզման փորձի համար: Նա բերման է ենթարկվել, մանրամասներ չեն հաղորդվում։
Շերիֆ Ռոբերտ Լունայի խոսքերով՝ ավելի քան 500 ոստիկան է ներգրավված բնակիչների տարհանումը, երթեւեկության վերահսկումը եւ թալանի կանխումը ապահովելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ որոշ տուժած շրջաններում նախատեսվում է սահմանել պարետային ժամ, որը գործելու է երեկոյան ժամը 18-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հրդեհները բռնկվել են հունվարի 7-ից։ Տարհանված քաղաքացիների թիվը հասել է 150 հազարի։