Եվրամիության արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։ Այդ մասին գրում է «Ազատությունը»՝ նշելով, որ տեղեկությունը տրամադրվել է բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։
«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման վերաբերյալ սպասվում է առաջիկա օրերին»,- նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։
Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու համար։
Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա, Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։
Հիշեցնենք՝ ԵՄ քաղաքացիական 100 դիտորդներ Հայաստան ժամանել են 2023 թվականի փետրվարին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ համաձայնություն չկա Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 17 կետից երկուսի շուրջ, որոնք վերաբերում են միջպետական սահմանին երրորդ երկրների ներկայությանը եւ միջազգային ատյաններում հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն։
Նոյեմբերի վերջին էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն էր հաստատել, որ միջպետական սահմանին ԵՄ դիտորդների ներկայության հարցը Բաքվի հետ իսկապես քննարկվում է, եւ որ հայկական կողմն Ադրբեջանին փոխադարձաբար առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։