Անկարան կարեւոր է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայացած ասուլիսում։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ հարատեւ խաղաղության, կայունության եւ բարգավաճման պատմական հնարավորության պատուհան է բացվել:
«Հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարեւոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է Ֆիդանը:
Թուրքիայի աջակցությունը հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանց միջնորդների երկկողմ բանակցություններին՝ Ֆիդանը նշել է. «Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում»։