Նյու Յորք նահանգի դատավոր Խուան Մերչանը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գործով վճիռը, որը վերաբերում էր պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին կատարած վճարումներին։ Դատավորի որոշման համաձայն՝ Թրամփը պետք է անվերապահորեն ազատ արձակվի։
Սա նշանակում է, որ Թրամփը քրեական անցյալ կունենա, բայց նրան չի սպառնա ազատազրկում կամ տուգանք:
Նիստին անձամբ Թրամփը ներկա չի եղել։ Դատարանը թույլատրել էր դատավճիռը լսել տեսակապի միջոցով, որին նորընտիր նախագահը եւ նրա փաստաբանը միացել էին Ֆլորիդայից։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Թրամփը հայտարարել է, որ իր նկատմամբ «շատ անարդարացի» են վարվել, և իր դեմ հարուցված գործն անվանել է «վհուկների որս քաղաքական դրդապատճառներով»:
Սա Թրամփի դեմ հարուցված քրեական գործերից միակն է, որի վերաբերյալ դատարանը վճիռ է կայացրել։ Գաղտնի փաստաթղթերի անօրինական պահպանման մասին գործը կարճվել էր 2024 թվականի հուլիսին, իսկ 2021 թվականին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ գործը փակվել էր նոյեմբերին։ Ջորջիա նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը կասեցնելու փորձի հետ կապված ևս մեկ գործ դադարեցվել էր դատախազ Ֆանի Ուիլիսի որակազրկման պատճառով։
Թրամփը դեռ հնարավորություն ունի բողոքարկելու Դենիելսին կատարած վճարումների գործը։
Հիշեցնենք, որ Թրամփը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու համար՝ պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար կատարած վճարումները թաքցնելու համար։ Դենիելսի պնդմամբ Թրամփի հետ կապերի մասին լռելու համար նորընտիր նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհեն է վճարել է իրեն։
Դոնալդ Թրամփը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։