ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ABC News-ի հետ զրույցի ժամանակ ասել է կոնգրեսական Մայք Ուոլցը, որին Թրամփը առաջադրել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնի համար։
Ուոլցի խոսքերով՝ հեռախոսազրույցը «առաջին քայլը» կլինի Թրամփի եւ Պուտինի ապագա հանդիպման համար: Կոնգրեսականը նշել է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն «ընթանում են ամբողջ թափով»։
«Մենք դեռ չենք որոշել [առաջիկա հանդիպման] ճշգրիտ կառուցվածքը, բայց աշխատում ենք դրա վրա»,- ասել է Ուոլցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի այդ հանդիպմանը։
Ուոլցը հավելել է նաեւ, որ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը պետք է կայունանա, որպեսզի իրենք կարողանան Մոսկվայի հետ ինչ-որ համաձայնագիր ստորագրել։
«Մենք կցանկանայինք, որ հրադադարը հաստատվեր ցանկացած պահի, ցանկացած օր։ Կարծում եմ, որ դա դրական, աներեւակայելի դրական առաջին քայլ կլիներ երկու կողմերի համար: Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք մտնել բանակցությունների վրա հիմնված ինչ-որ լուծման շրջանակների մեջ։ Բոլորի համար էլ պարզ է, որ ամեն ինչ պետք է ավարտվի դիվանագիտական միջոցներով»,-հայտարարել է Ուոլցը։
Դոնալդ Թրամփը 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին։ Ընտրված նախագահը ենթադրել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 20-ի իր երդմնակալության արարողությունից հետո վեց ամսվա ընթացքում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ի պատասխան հայտարարել է, որ դեռ հստակություն չկա հանդիպման վերաբերյալ։