Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է 47 հոդված եւ ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս համաձայնագիրը պարունակում է ներածական մաս եւ 47 հոդված։ Այս համաձայնագրի ստորագրմամբ եւ իրագործմամբ մենք ականատես կլինենք մեր երկրների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացմանը»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։
Ջալալիի խոսքերով՝ այս պայմանագրի մշակման ժամանակ հիմնական շեշտը դրվել է «հավասարակշռության, ինքնիշխանության եւ երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների վրա»։
«Ռիա նովոստի» գործակալությունը նշում է, որ «Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը» կփոխարինի «Հարաբերությունների հիմքերի եւ համագործակցության սկզբունքների» մասին գործող համաձայնագրին, որը ստորագրվել էր դեռ 2001 թվականին։
Նոր փաստաթղթի վրա աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից։ Նախորդ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն դեկտեմբերի 26-ին ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարեց, որ ռուս-իրանական համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների բանակցությունների ժամանակ։