Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խնդիրների վերացմանը զուգահեռ Թուրքիան որոշակի քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը անսահման առավելություններ կստեղծի Հայաստանի համար։
Մեկուսացումից դուրս
Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» թեման շոշափելիս Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ միջանցքի շրջանակում գործարկվելիք երկաթուղիով հայերը հեշտությամբ կհասնեն Մոսկվա եւ աշխարհի այլ հատվածներ՝ «դուրս գալով այն մեկուսացումից, որում հայտնվել են սեփական գործողությունների հետեւանքով»։
Ավելի վաղ Էրդողանը Շուշիում հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններն ուղղորդելու դեպի ավելի խոր համագործակցության հուն։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը ճիշտ կօգտագործի ապագան համատեղ կառուցելու հնարավորությունը՝ նշելով, թե Թուրքիան ցանկանում է, որ «Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի եւ համերաշխության ձեռքը»։
Կովկասյան պլատֆորմի հեռանկարը՝ իբրեւ խաղաղ կյանքի հնարավորություն
Էրդողանը արծարծել է վեցնյակի կովկասյան պլատֆորմի թեման՝ նշելով, թե դա տարածաշրջանում խաղաղ կյանք ստեղծելու համար պատմական հնարավորություն է։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ նպատակի իրագործման համար ինքը եւ «իր եղբայր Ալիեւը» պատրաստ են ամեն զոհողության։ Նա վստահեցրել է, որ նույն զոհողությանը պատրաստ է նաեւ ՌԴ նախագահ Պուտինը։
Հրաժարվելով ատելություն հրահրելուց
Տարածաշրջանում նոր ստատուս-քվոյին աջակցող բոլոր կողմերին Էրդողանը կոչ է արել հրաժարվելու ատելություն հրահրելու քաղաքականությունից եւ խրախուսելու խաղաղ համագործակցությունը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբ նման մթնոլորտ ձեւավորվի, մենք եւս պատրաստ կլինենք անելու մեզնից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Հավատում ենք, որ այս հուսադրող գործընթացն ավելի առողջ եւ արդյունավետ կընթանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ եւ հեռանկարային հաշտության պայմանագրով»,- ընդգծել է Էրդողանը։