Անցնող տարվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կացնային մեթոդով կրճատելու է պետական կառույցների ծառայողական մեքենաների թիվը: Նա նշել էր, որ նման նպատակ ունեցել էր ավելի վաղ եւ այդ մասին խոսել էր, բայց գործուն քայլեր չէր տեսել. ծառայողական մեքենաներից ինքնակամ հրաժարվողներ չէին եղել:
Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ բոլոր համայնքներում պետք է շեշտակի կրճատվի ծառաողական մեքենաների թիվը՝ առանց բացառության: «Այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետեւանք կհետեւի. սուբվենցիոն ծրագրերի եւ այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Թող համայնքների ղեկավարներն իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն հարցը, թե որն է ավելի մեծ եւ կարեւոր առաջնահերթություն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Ախուրյան խոշորացված համայնքը 33 բնակավայրերի միավորում է: Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը նախքան «պարտադրանքի» կիրառումը հրաժարվել է ոչ միայն անձնակազմին, այլեւ իրեն սպասարկող ծառայողական մեքենայից: Ասում է՝ հետեւել է վարչապետի ուղերձին եւ մարզում առաջինը, ազգաբնակչության բարեկեցությանն ուղղված ծրագրերն առաջնային համարելով, հրաժարվել մեքենաներից: «Քանի որ համեմատական էր դրված սուբվենցիոն ծրագրերի եւ ծառայողական մեքենաներ ունենալու միջեւ, ես նախընտրեցի հրաժարվել երկրորդից»: Օրենսդրությամբ սահմանված կարգով Ախուրյանում սկսվել է մեքենաների օտարման գործընթաց: Օտարման գումարները եւս կուղղվեն սուբվենցիոն ծրագրերին:
Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ մեքենաների վրա համայնքը մեծ ծախսեր չի արել: Երկու տասնյակ մեքենաների մեծ մասից՝ 16-ից, օգտվում էին բնակավայրերի վարչական ղեկավարները. այդ մեքենաները ոչ թե Ախուրյան խոշորացված համայնքն է գնել, տրամադրել նրանց, այլ մինչեւ համայնքների խոշորացումը տվյալ համայնքն ունեցել է: Այդ մեքենաների սպասարկման ծախսերը ոչ թե համայնքը, այլ շահագործողներն են հոգացել:
Շիրակի մարզի մեկ այլ՝ Ամասիա խոշորացված համայնքի աշխատակազմը եւս հրաժարվել է ծառայողականներից: Աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը տեղեկացնում է, որ այժմ մեկ ծառայողական մեքենա ունեն, երկուսից հրաժարվել՝ դրել են օտարման: Էգնատոսյանն ասում է՝ չեն դժգոհում. մեկ մեքենան ոչ միայն համայնքի ղեկավարին, այլեւ հարկ եղած դեպքում անձնակազմին կծառայի: Տեխնիկական սպասարկման մեքենա նույնպես ունեն, դա եւս կլուծի աշխատակազմի տեղաշարժի հարցերը: Գալով ֆինանսական տնտեսումներին՝ Ամասիան նույնպես տնտեսումներ կունենա, բայց ոչ զգալի՝ խոշոր չափերի:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը դեմ չէ ծառայողական մեքենաներ ունենալուն, բայց ասում է՝ եթե դրանք սպասարկում են անհատին եւ նրա ընտանիքին, ավելորդ են: Մարզպետը տեղեկացնում է, որ Շիրակի վեց խոշորացված համայնքներում եւ Շիրակի մարզպետի աշխատակազմում հասցրել են 72 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Թե որքան խնայողություններ կլինեն կրճատումներից, դեռ հստակ հաշվարկներ չկան, բայց ըստ Առուշանյանի՝ համայնքները կազատվեն հին մեքենաների վրա մեծ ծախսեր անելու բեռից, իսկ փոխհամայնքապետներին հատկացված մեքենաներն էլ կծառայեն ոչ միայն նրանց, այլեւ անձնակազմին: Մարզպետը նաեւ վստահեցնում է՝ եթե առանց կրճատված մեքենաների գործը գլուխ չգա, եւ համոզիչ հիմնավորվի, որ տվյալ տեղում ծառայողական մեքենան անհրաժեշտություն է, ո՛չ ինքը, ո՛չ Կառավարությունը դեմ չեն լինի, որ նոր ծառայողական մեքենա ձեռք բերվի:
Նշենք, որ Շիրակի մարզում օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17-ը, եւս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։
Այսպիսով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում 5 մեքենայից կմնա 3-ը, Գյումրու համայնքապետարանում՝ 10-ից 6-ը, Արթիկում՝ 10-ից 3-ը, Ախուրյանում՝ 21-ից 3-ը, Ամասիայում՝ 6-ից 4-ը, Աշոցքում 6-ից 3-ը, իսկ Անիում 4 մեքենայից կմնա 2-ը։
Կհաջողվի պետական կառույցներին աշխատել այսչափ նվազած թվով ծառայողական մեքենաներով՝ դեռ հայտնի չէ, իսկ եթե, այնուամենայնիվ, համայնքները որոշեն, որ մեքենա է պետք, կարող են ավագանու որոշմամբ կրկին ավելացնել դրանց թիվը: Մնում է հուսալ, որ փորձը փորձանք չի դառնա, աշխատանքներն էլ չեն տուժի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։