Դոնալդ Թրամփի նկատմամբ կարող էր մեղադրական վճիռ հրապարակվել՝ կապված իշխանության զավթման փորձի հետ, եթե նա չհաղթեր 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այդ մասին, ինչպես գրում է The New York Times-ը, ասված է հատուկ դատախազ Ջեք Սմիթի զեկույցում, ով վարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունից հետո գաղտնի փաստաթղթերի անօրինական պահման եւ իշխանությունը զավթելու փորձի գործերով հետաքննությունները։
Հունվարի 14-ին Արդարադատության դեպարտամենտը հրապարակել է զեկույցը, որը մանրամասնում է Սմիթի թիմի բացահայտումները, որոնց հաջողվել էր հասնել հետաքննության արդյունքում:
Զեկույցի առաջին մասում նկարագրված են Թրամփի՝ պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու, այլընտրանքային ընտրողներ գտնելու եւ կողմնակիցներին ընտրությունների արդյունքների դեմ բողոքելուն ուղղորդելու գործողությունները:
«Եթե չլինեին Թրամփի ընտրությունը եւ նրա անխուսափելի վերադարձը նախագահի պաշտոնին, […] հայտնաբերված ապացույցները բավարար կլինեին դատարանում դատավճիռ ապահովելու համար»,- ասվում է զեկույցում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Սմիթի զեկույցի երկրորդ մասը, որը մանրամասնում է գաղտնի փաստաթղթերի անօրինական պահման վերաբերյալ հետաքննությունը, որոնք Թրամփը չի կարողացել հանձնել Ազգային արխիվին իր առաջին նախագահական ժամկետի ավարտից հետո, գաղտնի է՝ նորընտիր նախագահի գործընկերների դեմ շարունակվող դատական գործընթացների պատճառով:
Իր զեկույցում Սմիթը գրում է Թրամփի՝ «ազատ եւ արդար ընտրությունների» արդյունքները տապալելու ջանքերի մասին եւ նշում, որ 2020 թվականի ընտրությունների օրվանից մինչեւ 2021 թվականի հունվարի 6-ը, երբ Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժեց Կապիտոլիումի տարածք, նա խրախուսել է «հակառակորդների դեմ բռնությունը»։
Սմիթը մեղադրել է Թրամփին Կապիտոլիումի վրա հարձակման համար։ Զեկույցում նա, ի թիվս այլ բաների, մեջբերում է հարձակման գործով մի քանի մեղադրյալների խոսքերը, որոնք ասել են, որ այդ ժամանակ կարծել են, թե գործում էին Թրամփի անունից:
Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը հրաժարական է տվել։ 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Սմիթը Վաշինգտոնի դաշնային դատավորին միջնորդություն ներկայացրեց Թրամփի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները հանելու վերաբերյալ: Հատուկ դատախազը հայտարարել էր, որ ձգտում է հանելու մեղադրանքները մինչեւ Թրամփի երդմնակալությունը, քանի որ Արդարադատության դեպարտամենտը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել գործող նախագահին:
Հունվարին Նյու Յորք նահանգի դատավոր Խուան Մերչանը Թրամփին անվերապահորեն ազատ արձակեց պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների հետ կապված գործով։ Այսպիսով՝ Թրամփը քրեական անցյալ կունենա, բայց նրան բանտարկություն կամ տուգանք չի սպառնա։ Դա Թրամփի դեմ հարուցված քրեական գործերից միակն էր, որի վերաբերյալ վճիռ է կայացվել։