Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Ստորագրումից առաջ Բլինքենը հայտարարեց․ «Մենք ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, որը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության եւ պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության եւ միջանձնային հարաբերությունների ոլորտներում»։
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ աշխատում է ինքնիշխանության եւ ինքնիշխան տարածքի պաշտպանությունը ամրապնդելուն ուղղված ջանքերի շուրջ։
Ըստ Բլինքենի` հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։
Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Երեւանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի` նույնքան կարեւոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ տնտեսական դիմակայունության խթանման գործում։
«Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն եւ բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների եւ ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»,– նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ երկրների միջեւ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված նպատակներն իրագործելու ուղղությամբ։
Արտգործնախարարը նաեւ հայտարարեց, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության շրջանակում Հայաստանը մտադիր է միանալու «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ ընդգծելով, որ Հայաստանը նվիրված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:
Հաջորդիվ Միրզոյանը նշեց, որ Երեւանն ու Վաշինգտոնը սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։
«Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ եւ կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության եւ չտարածման ամենաբարձր չափանիշերով»,– ասաց Միրզոյանը:
«Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն եւ ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,- եզրափակեց իր խոսքը Հայաստանի արտգործնախարարը:
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, Բլինքենը փակ դռների հետեւում առանձին հանդիպում կունենա Միրզոյանի հետ։