ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հաջողվել է գրեթե ամբողջությամբ համալրել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի դեմ պատերազմի ընթացքում անձնակազմի կրած կորուստները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում իր ելույթում։
«Մենք Իսրայելի կառավարությանը վաղուց ենք ասել, որ ՀԱՄԱՍ-ին հնարավոր չէ հաղթել միայն ռազմական միջոցներով: Առանց հստակ այլընտրանքի, հակամարտությանը հաջորդող շրջանի համար անհրաժեշտ ծրագրի եւ պաղեստինցիների համար իրատեսական քաղաքական հեռանկարների ՀԱՄԱՍ-ը կամ դրան նման մեկ այլ սարսափելի ու վտանգավոր բան կվերադառնա,-հայտարարել է Բլինքենը։
Նա հավելել է, որ իր նկարագրածը հենց այն է, ինչ կատարվում է Գազայի հյուսիսում հոկտեմբերի 7-ից հետո։
«Ամեն անգամ, երբ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում եւ նահանջում, ՀԱՄԱՍ-ի զինյալները վերախմբավորվում են եւ վերադառնում, քանի որ այդ առաջացած դատարկությունը լցնելու որեւէ այլ բան չկա: Մեր տվյալներով ՀԱՄԱՍ-ը հավաքել է գրեթե նույնքան նոր զինյալների, որքան կորցրել է։ Սա պայմաններ է ստեղծում երկարատեւ ապստամբության եւ անվերջ պատերազմի համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ ՀԱՄԱՍ-ը այս հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողությունների։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց դրա զանգվածային ռմբակոծումը, որից օրեր անց ցամաքային գործողություն սկսեց շրջանում։