Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտգործնախարարություն։ Նրան բողոքի հայտագիր է հանձնվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ պատճառը հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ արհեստականորեն գեներացված խոսույթներ հնչեցնելն է։
Նշենք, որ «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարի ժամանակ հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ Զանգեզուրի միջանցքը վերջնականապես բացելու Իլհամ Ալիեւի կատեգորիկ պահանջը՝ փոխարենն առաջարկելով իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։
Հաղորդավարը նաեւ պնդում է, որ «հայկական «Խաղաղության խաչմերուկն» անընդունելի է Ադրբեջանի համար», քանի որ դժվարամատչելի լեռնային տեղանքն ու կլիմայական ծանր պայմանները դժվարացնում են ճանապարհների կառուցումը։
«Միաժամանակ, Հայաստանը, ըստ Փաշինյանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անցել է անդառնալիության կետը։ Մեծ քանակությամբ զենք է ստանում Ֆրանսիայից՝ ակնհայտորեն պատրաստվելով նոր պատերազմի»,- հայտարարում է Կիսիլյովը։
Հաղորդման ընթացքում նա նաեւ նշում է, որ Հայաստանը սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց։ Կիսիլյովը նշում է, որ Երեւանը ռուսական գազը ստացել է զեղչված գնով, սակայն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուց հետո «կկորցնի այդպիսի ջերմ պայմանները»։
«Եվ այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանի, նրա ներկայիս դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերությունները սահմանափակելու իր գիծը։ […] Ուղղությունը հասկանալի է։ Ամբողջ հույսը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա է։ Որեւէ լավ բանով չի ավարտվի, ինչպես ասում են, ձեր ընտրությունը»,- նշել է հաղորդավար Կիսիլյովը։