Հայաստանի տնտեսական աճը եւ առեւտրաշրջանառությունը ցույց են տալիս, որ նա է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հիմնական շահառուն։ Այսպիսի միտք լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետը կրկին հայտարարել է, որ Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։
«Ասում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունեն։ Բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ ու խոսակցություններ են եղել Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, իրավական առումով նշանակալի քայլ կատարեց։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի Կառավարության որոշումն էր, եւ մենք այն համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- հայտարարել է Օվերչուկը։
Հաջորդիվ ՌԴ փոխվարչապետը Հայաստանի Կառավարությանը երկընտրանք է առաջարկում․ կա՛մ Երեւանը կներկայացնի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նման ծրագրեր չունի, կա՛մ ստիպված կլինի գնահատել, թե որտեղ իր համար կարող է ավելի լավ լինել։
Միաժամանակ Օվերչուկը «սխալ» է անվանել լրատվամիջոցների ներկայացուցիչների այն հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է Երեւանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում։
«Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Ցավոք, նախորդ տարի արդեն տեսել ենք, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսներն ավելի զգուշավոր դարձան Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման եւ զարգացման հարցում։ Մենք տեսանք, որ բիզնես գործունեությունը սկսել է կրճատվել մի շարք ոլորտներում»,- հայտարարել է Օվերչուկը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Կառավարությունը հունվարի 9–ին էր հավանություն տվել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, որն այժմ պետք է քննարկվի ՀՀ ԱԺ-ում։ Հունվարի 10-ին Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը նման օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ։