ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների մեծ մասն աջակցում է Ուկրաինայում ապառազմականացված գոտու ստեղծմանը` որպես հակամարտության կարգավորման ծրագրի մաս: Այդ մասին նրանք հայտնել են Reuters-ին։
Խորհրդականների կարծիքով, որոնց անունները չեն նշվում, այդպիսի պարեկությունը պետք է կատարեն եվրոպական երկրների զորքերը։
Ընտրված նախագահի խորհրդականները նաեւ խոստովանել են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող հակամարտությունը կարգավորելու համար ամիսներ կպահանջվեն՝ չնայած Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս հնչեցրած այն խոստմանը, որ Սպիտակ տուն մտնելուց հետո անմիջապես կդադարեցնի 2022-ի փետրվարից շարունակվող պատերազմը։
Ավելի վաղ CNN-ը գրել էր, որ Թրամփի վարչակազմում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի թեկնածու Քիթ Քելլոգն իր ծրագրում առաջարկել էր հրադադարի դիմաց սառեցնել Ուկրաինայում ձեւավորված ճակատը, ապառազմականացված գոտի ստեղծել եւ մասամբ չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։