Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս մեկ անգամ քրդական «Սիրիայի ժողովրդական ուժեր» կառույցին (YPG) կոչ է արել վայր դնել զենքերը եւ հայտարարել կազմալուծման մասին: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստում: Ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։
Նշենք, որ Անկարան քրդական «Սիրիայի ժողովրդական ուժերին» համարում է ահաբեկչական եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ենթաճյուղ։
«Եթե YPG -ն զենքերը վայր չդնի, ապա չի կարող խուսափել իր մոտալուտ ճակատագրից։ Մենք ունենք ե՛ւ ուժ, ե՛ւ կարողություն այս հարցը լուծելու համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նա նաեւ նշել է, որ բոլոր արտաքին ուժերը պետք է «ձեռքերը վերցնեն տարածաշրջանից», այլապես Թուրքիան «սիրիացի եղբայրների հետ կգլխատի «Իսլամական պետությանը», PKK-ին եւ YPG-ին»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ քրդական կազմավորումները այլ ելք չունեն՝ բացի զենքերը վայր դնելուց։ Նրա խոսքերով՝ կա՛մ «զինյալները զենքերը վայր կդնեն, կա՛մ դրանց հետ կթաղվեն հողի տակ, երրորդ ճանապարհ չկա»։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին հայտարարեց Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողության հնարավորության մասին, եթե նրանք չկատարեն Անկարայի պահանջները։
Դեկտեմբերի 24-ին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, The Wall Street Journal-ն էլ, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։