Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։ Այդ մասին հայտարարել է Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին։
«Կատարը, Եգիպտոսը եւ Միացյալ Նահանգները ուրախ են հայտարարելու իրենց համատեղ միջնորդական ջանքերի հաջողության մասին, որոնց արդյունքում Գազայի հատվածում հակամարտող կողմերը համաձայնության են եկել պատանդների եւ բանտարկայլների փոխանակման, ինչպես նաեւ հանգստի վերականգնման համար զինադադար հաստատելու շուրջ»,- ասել է Ալ-Տանին մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` Իսրայելի կառավարության ներքին ընթացակարգերի ավարտից հետո կիրակի՝ հունվարի 19-ին, «կսկսվի համաձայնագրի իրականացման գործընթացը»։
Կատարի կառավարության ղեկավարը նշել է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկի ժամը կորոշվի ավելի ուշ։
Անդրադառնալով համաձայնագրի բովանդակությանը՝ Ալ-Տանին նշել է․ «Համաձայնագրի առաջին փուլը կտեւի 42 օր, որի ընթացքում կհաստատվի հրադադար։ Կիրականացվի իսրայելական ուժերի հետքաշում խաղաղ բնակիչների բնակավայրերից հեռու հատվածներ՝ դեպի արեւելք, որոնք կտեղակայվեն Գազայի բոլոր շրջանների սահմանների մոտ, ինչպես նաեւ որոշակի մեխանիզմների համաձայն կիրականացվի պատանդների ու բանտարկյալների փոխանակում։ Ինչ վերաբերում է երկրորդ եւ երրորդ փուլերի մանրամասներին, ապա դրանց շուրջ համաձայնեցումը կավարտվի առաջին փուլի իրականացման ընթացքում»։
Նա նաեւ հաստատել է այն տեղեկությունները, որ համաձայնագրի առաջին փուլում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալներին ազատելու դիմաց ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 33 պատանդների, այդ թվում՝ քաղաքացիական եւ զինվորական կանանց, երեխաներին, տարեցներին եւ վիրավոր մյուս քաղաքացիներին։
Միաժամանակ միջնորդները հանդես են գալիս որպես բանակցությունների շարունակման երաշխավորներ՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումն ապահովելու համար։
Ալ-Տանիի հայտարարությունները հաստատել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին հղած տեսաուղերձում։
«Առաջին փուլը կտեւի վեց շաբաթ։ Այն ներառում է կրակի ամբողջական եւ վերջնական դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի բոլոր բնակեցված շրջաններից եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մի շարք պատանդների, այդ թվում կանանց, ծերերի եւ վիրավորների ազատ արձակում»,- հայտարարել է Բայդենը՝ հավելելով, որ միաժամանակ ազատ կարձակվեն բոլոր ամերիկացի պատանդները։ Նա ընդգծել է, որ Իսրայելն էլ իր հերթին կազատի «հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների», իսկ մարդասիրական օգնությունը անարգել մուտք կգործի Գազայի հատված։
Բայդենը նշել է, որ երկրորդ փուլը կներառի բոլոր պատանդների ազատ արձակման եւ զորքերի դուրսբերման գործընթացը, ինչը, ըստ նրա, կնշանակի «պատերազմի ամբողջական ավարտ»: Նախագահը մանրամասնել է, որ առաջին փուլից երկրորդին անցումը կարող է տեւել ավելի քան վեց շաբաթ, եթե կողմերի միջեւ բանակցությունները բոլոր մանրամասների շուրջ ձգձգվեն, սակայն այս ընթացքում հրադադարի ռեժիմը դեռ կգործի։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկրորդ փուլի իրագործումից հետո, որի ընթացքում պետք է ազատ արձակվեն բոլոր պատանդները, եւ ավարտվի Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը, հարազատներին կվերադարձվեն սպանված պատանդների աճյունները։
Այս ամենին զուգահեռ սկսվելու է նաեւ Գազայի հատվածի վերակառուցումը, որը, ըստ էության, կնշանակի անցում արդեն երրորդ փուլին։
«Սրանք ամենադժվար բանակցություններից էին, որ ես երբեւէ տեսել եմ»,- նշել է Բայդենը։
Համաձայնագրի ստորագրմանը հատուկ անդրադարձել է նաեւ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ժողովրդին հղած հեռուստաուղերձում։
«Այժմ մենք պետք է քայլ անենք եւ շտկենք իրավիճակը։ Ես աջակցում եմ վարչապետին [Բենյամին Նեթանյահուին] եւ բանակցային թիմին, որոնք աշխատել են այս համաձայնությանը հասնելու համար, եւ կոչ եմ անում կառավարության անդամներին ընդունել եւ հավանություն տալ այն համաձայնությանը, որը կներկայացվի իրենց՝ մեր որդիներին եւ դուստրերին տուն բերելու համար: Որպես Իսրայել պետության նախագահ՝ ես միանշանակ ասում եմ՝ սա ճիշտ քայլ է, սա կարեւոր քայլ է, սա անհրաժեշտ քայլ է»,- հայտարարել է Հերցոգը։
Նախագահն ընդգծել է, որ Իսրայելը «կշարունակի գործել ամբողջ ուժով, քանի դեռ կյանքի չեն կոչվել գործարքի բոլոր փուլերը, իսկ գերիներից վերջինը չի վերադարձել»։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բանակցություններում բոլոր միջնորդներին՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի իշխանությունների։
Համաձայնագրի ստորագրումը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Ես ողջունում եմ Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու եւ հրադադար հաստատելու համաձայնության հայտարարությունը»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ շնորհակալություն հայտնելով միջնորդներին, որոնց թվում են Եգիպտոսը, Կատարը եւ ԱՄՆ-ը։
Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու այս գործարքի իրականացմանը եւ մեծացնելու հումանիտար օգնության մատակարարումը։