ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ Ուկրաինայից կպահանջի կտրուկ խզել ռազմական կապերը ՆԱՏՕ-ի հետ եւ դառնալ չեզոք պետություն՝ սահմանափակ բանակով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Կրեմլի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներին։
Նրանց խոսքերով՝ Պուտինը գնալով էլ ավելի է համոզվում մարտի դաշտում ռուսական զորքերի գերակայության մեջ եւ պատրաստվում է հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելուն եւ սահմանափակելու Կիեւի ռազմական ներուժը։
Bloomberg-ի աղբյուրը, որը ծանոթ է Մոսկվայի հնարավոր բանակցությունների նախապատրաստությանը, հայտնել է, որ Կրեմլը դեմ չի լինի ՆԱՏՕ-ի առանձին երկրների կողմից Կիեւին զենք մատակարարելուն, որը պետք է իրականացվի անվտանգության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։ Միեւնույն ժամանակ այդ զենքը չպետք է օգտագործվի Ռուսաստանի դեմ եւ օկուպացված ուկրաինական տարածքները վերադարձնելու նպատակներով։
Կրեմլը նաեւ պահանջելու է վերահսկողության պահպանում Ուկրաինայի տարածքի առնվազն 20%-ի վրա, որն արդեն օկուպացված է ռուսական բանակի կողմից։
Որոշ աղբյորներ էլ պարբերականի հետ զրույցում առանց այլ մանրամասնություններ հայտնելու նշել են, որ Մոսկվան նաեւ բաց է մի շարք տարածքների փոխանակման համար։
Ավելի վաղ Reuters-ն էր հայտնել այն պայմանների մասին, որոնք Ռուսաստանը մտադիր է առաջ քաշելու բանակցությունների ընթացքում։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկելու Ուկրաինայում զինադադարի հարցը, չի պատրաստվում էական տարածքային զիջումների գնալու եւ դեմ է Կիեւի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։