Տելեգրամյան «Baza» ալիքը հրապարակել է Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուների եւ Գրոզնիի, Դոնի Ռոստովի ու Ակտաուի ավիադիսպետչերների խոսակցությունների ամբողջական սղագրությունը։
Ըստ սղագրության՝ օդանավի վրա խնդիրների առաջացման մասին տեղեկանալուց հետո անձնակազմը սկզբում ենթադրել է, որ դրանք կարող են կապված լինել շարժիչի մեջ թռչնի ներթափանցման հետ:
Օդաչուները սկզբում որոշել են վերադառնալ Բաքու, սակայն կառավարման համակարգերի խափանման պատճառով մի քանի անգամ փոխել են վթարային վայրէջքի վերջնական կետի ընտրությունը։ Նախ քննարկվել է Միներալնիե Վոդի, ապա՝ Մախաչկալա ուղղություն վերցնելու տարբերակը, սակայն ի վերջո որոշում է կայացվել վայրէջք կատարել Ակտաուում:
Անձնակազմը նաեւ դիսպետչերին զեկուցել է ուղեւորների խցիկում «թթվածնի պառվելու» մասին՝ ենթադրելով, որ պատճառը կարող էր լինել թթվածնի բաքի պայթյունը:
Baza-ն չի հայտնում, թե որտեղից է ստացել սղագրությունը: Դրա իսկությունը չի հաստատվել այլ աղբյուրների կամ պաշտոնյաների կողմից:
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։
Երեք օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ներողություն էր խնդրել «ռուսական օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։
Դեկտեմբերի 30-ին Ալիեւն էլ հայտարարեց, թե Ռուսաստանը «պետք է ընդունի իր մեղքը» ինքնաթիռի կործանման մեջ, իսկ մեղավորները պետք է պատժվեն եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն։