ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան օվալաձեւ աշխատասենյակից հանդես է եկել ժողովրդին հղված իր վերջին ուղերձով։
Ելույթի ընթացքում Բայդենը զգուշացրել է, որ ամերիկյան ժողովրդավարությանը սպառնում է գերհարուստների օլիգարխիան, որը մեծ ազդեցություն եւ իշխանություն է ձեռք բերում։
«Ես ուզում եմ երկրին զգուշացնել որոշ բաների մասին, որոնք ինձ մեծ անհանգստություն են պատճառում։ Սա իշխանության վտանգավոր կենտրոնացում է շատ քիչ քանակության գերհարուստ մարդկանց ձեռքում»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։
Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ընդամենը հինգ օր առաջ ունեցած ելույթում Բայդենը ընտրված նախագահի անունը այդպես էլ չի հնչեցրել, սակայն ամերիկյան լրատվամիջոցների մեկնաբանների կարծիքով գործող նախագահի ակնարկը բավականին պարզ էր։ Սպասվում է, որ միլիարդատեր Իլոն Մասկը աննախադեպ ազդեցություն կունենա Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա՝ որպես Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար:
Հետեւելով իր նախորդներից մեկի՝ նախագահ Դուայթ Էյզենհաուերի ավանդույթին, որն իր հրաժեշտի խոսքում զգուշացրել էր երկրի ռազմարդյունաբերական համալիրի վտանգների մասին՝ Ջո Բայդենը ելույթում օգտագործեց «տեխնոարդյունաբերական համալիր» տերմինը՝ նշելով, որ իր կարծիքով այն վերահսկում է սոցիալական ցանցերը, որը ամերիկացիներին ներառել է «ապատեղեկատվության ձնահյուսի տակ եւ պայմաններ է ստեղծել իշխանության չարաշահման համար»:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ ցավով է նշել, որ «ազատ մամուլը քայքայվում է, խմբագրակազմը՝ անհետանում, իսկ սոցիալական մեդիա ընկերությունները հրաժարվում են փաստերի ստուգումից»։
Միեւնույն ժամանակ Բայդենը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան ապահովել երկրի բարգավաճումը։
«Իշխանության բաժանման, կանխարգելման եւ հավասարակշռության մեր համակարգը կարող է իդեալական չլինել։ Բայց այն պահպանեց մեր ժողովրդավարությունը 250 տարի, ավելի երկար, քան որեւէ այլ երկրում, որը երբեւէ գնացել է նման համարձակ փորձարկման ուղիով»,- ասել է ԱՄՆ նախագահը: