Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Կիեւ, որտեղ առաջին անգամ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Guardian-ը գրում է, որ բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է 2022 թվականի փետրվարից Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը դիմակայող Ուկրաինա։
Պարբերականը նշում է, որ երկու երկրները գոյություն ունեցող ռազմական կապերը խորացնելու եւ ամրապնդելու համար կստորագրեն գործընկերության մասին համաձայնագիր։ Սթարմերի այցը եւ նման համաձայանագրի ստորագրումը համընկնում են այն մտավախությունների հետ, որ ԱՄՆ-ը կարող է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին հրաժարվել իր աջակցությունից։
Ակնկալվում է, որ Սթարմերը Զելենսկու հետ կքննարկի, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարող է առաջարկել Մեծ Բրիտանիան Կիեւին՝ ներառյալ հետպատերազմյան շրջանում բրիտանական զորքերը հնարավոր խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկելու հնարավորությունը, գրում է Guardian:
«Ուկրաինան իր ամենամոտ գործընկերներից պոկելու Պուտինի փորձը մոնումենտալ ռազմավարական ձախողում էր: Փոխարենը, մենք ավելի քան երբեւէ մտերմացել ենք, եւ այս գործընկերությունը մեր բարեկամությունը կբարձրացնի հաջորդ մակարդակ»,-հայտարարել է վարչապետ Սթարմերը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը Կիեւ հաջորդում է նախորդ շաբաթ Ուկրաինայի հետ կապված հարցերի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին։
Հիշեցնենք՝ Telegraph թերթը, վկայակոչելով աղբյուրներին, գրել էր, որ Փարիզն ու Լոնդոնը սկսել են քննարկել իրենց երկրների զինվորականներին Ուկրաինա որպես խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե համաձայնություն ձեռք բերվի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։