Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը տարբերվում է Հյուսիսային Կորեայի եւ Բելառուսի հետ Ռուսաստանի առանձին պայմանագրերից, որոնք պարունակում են փոխադարձ պաշտպանության դրույթներ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս համաձայնագրի բնույթն այլ է։ Դրանք (ռուս-բելառուսական եւ ռուս-հյուսիսկորեական պայմանագրերը) գործընկերային հարաբերություններ են հաստատում մի շարք այնպիսի ոլորտներում, որոնց մենք առանձնապես չենք անդրադարձել։ Մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ սեփական ուժերին ապավինելը չափազանց կարեւոր են։ Մենք շահագրգռվածություն չոնենք հարելու որեւէ դաշինքի։ 45 տարի մենք բարձր գին ենք վճարել Իրանի Իսլամական Հանրապետության անկախության համար»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է Իրանի պետական IRNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էր հայտարարել, որ ռուս-իրանական համաձայնագիրը պաշտպանական դաշինքի ստեղծում չի նախատեսում։
Ջալալիի խոսքերով՝ փոխարենը ռուս-իրանական համաձայնագիրը երկու պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին դրույթ է պարունակում։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կարող է դառնալ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման նոր եւ կարեւորագույն փուլ։
Երկու երկրների պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ներառում է համագործակցության բոլոր ոլորտները։ Այն փոխգործակցության համար նոր հորիզոններ կբացի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը եւ տեխնոլոգիան:
Ներկայում պետություններն առաջնորդվում են Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հիմունքների եւ համագործակցության սկզբունքների մասին 2001 թվականի պայմանագրի դրույթներով։
Հունվարի 14-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ համաձայնագիը կկնքվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջեւ հունվարի 17-ին կայանալիք բանակցություններից հետո։