Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հունվարի 16-ին, տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների հերթականության հարցի շուրջ եւ «համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից, եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:
Նշվում է նաեւ, որ կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով համաձայնեցնելու հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: