ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների լայն ռազմավարություն են մշակում՝ առաջիկա ամիսներին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար: Գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։
Նրանց խոսքերով՝ Թրամփի թիմը դիտարկում է երկու հիմնական մոտեցում։ Առաջինը կլինի նավթի առեւտրի հետ կապված երկրորդական պատժամիջոցների ուժեղացումը, եթե ապագա վարչակազմը Ռուսաստանի քաղաքականությունն ավելի ագրեսիվ համարի: Այս դեպքում պատժամիջոցները կարող են հարվածել եվրոպական բեռնափոխադրողներին եւ նավթը գնող ասիական երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանի եւ Չինաստանի խոշոր ընկերություններին: Երկրորդ տարբերակով էլ արդեն նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի եւ Դանիայի նեղուցներով նավթ տեղափոխող ռուսական տանկերների նկատմամբ։
Պարբերականը գրում է, որ նորընտիր նախագահի թիմն ունի նաեւ առավել մեղ մոտեցման սցենարներ։ Սա վերաբերում է այն դեպքին, եթե Թրամփի թիմը գտնի, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ է հանգուցալուծմանը, եւ խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալներ կան։ Այս մոտոցումը ենթադրում է ռուսական նավթարդյունահանողների նկատմամբ սահմանված պատժամիջոցների որոշակի թուլացում կամ նավթի գնային առասատաղի բարձրացման թույլտվություն:
Պատժամիջոցներով ճնշման ռազմավարությունը, որը վերաբերում է նաեւ Իրանին եւ Վենեսուելային, մշակման վաղ փուլում է։
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու, Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն իր նշանակման վերաբերյալ չորեքշաբթի կայացած լսումների ժամանակ պատժամիջոցներն անվանեց առանցքային լծակ, որը կարող է հանգեցնել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։
Սքոթ Բեսենտն էլ, որին ԱՄՆ նորընտիր նախագահը առաջադրել է ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի թեկնածու, իր նշանակման վերաբերյալ նախօրեին կայացած լսումների ժամանակ խոստացել է աջակցել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը։
«Եթե Ռուսաստանի Դաշնությունում որեւէ պաշտոնյա հետեւում է այս լսումներին, նրանք պետք է իմանան, որ եթե ես հաստատվեմ, եւ եթե նախագահ Թրամփը դա պահանջի որպես ուկրաինական պատերազմին վերջ տալու իր ռազմավարության մաս, ես 100%-ով կաջակցեմ ավելի խիստ պատժամիջոցներին՝ հատկապես ռուսական նավթային ընկերություններին վերաբերող, եւ դա այնպիսի մակարդակով, որը Ռուսաստանին կբերի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել էր Բեսենտը։