Իսրայելի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, ԱՄՆ-ի եւ Կատարի ներկայացուցիչները հունվարի 16-ի երեկոյան Դոհայում պաշտոնապես ստորագրեցին Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման մասին պայմանագիրը։ Այդ մասին գրում է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Լրատվականը գրում է, որ փաստաթղթի պաշտոնական ստորագրումը հետաձգվել էր գործարքի շրջանակում ազատ արձակվող պաղեստինցի բանտարկյալների վերջնական ցուցակի շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով։ Ըստ աղբյուրների՝ ՀԱՄԱՍ-ը պահանջել էր փոխանակման ժամանակ վերադարձնել շարժման ռազմական առաջնորդներին, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։
Պորտալի զրուցակիցները նաեւ հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը հաստատելու համար Իսրայելի անվտանգության կաբինետի և կառավարության նիստը կկայանա հունվարի 18-ի երեկոյան, որից հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ տեղ գտած տարաձայնությունների հաղթահարման եւ փաստաթղթի ստորագրման մասին հայտնել էր «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը։
Axios-ի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի կողմից բանակցել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքում հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը եւ Կատարի ու Եգիպտոսի միջնորդները։ Վաշինգտոնի կողմից համաձայնագիրը ստորագրել է Բրեթ Մաքգուրքը։
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայում հրադադարի հաստատման շուրջ պայմանվորվածության ձեռքբերման մասին հունվարի 15-ին հայտարարեց Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին՝ նշելով, որ այն ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։
Ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաեւ անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Պայմանավորվածության համաձայն՝ համաձայնագիրը կյանքի կկոչվի երեք փուլով։ Առաջին փուլը ենթադրում է 42 օրով հրադադարի հաստատում, Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում, այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակում, իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։
Երկրորդ եւ երրորդ փուլերով էլ ենթադրվում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված եւ պատանդ պահվող իսրայելցի տղամարդ զինվորականների ազատում, Գազայի հատվածի սահմաններ իսրայելական բանակի ամբողջական հետքաշման ավարտ, հակամարտության ընթացքում սպանված պատանդների աճյունների հանձնում եւ Գազայի հատվածի վերականգնում։