Իրանում կարծում են, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների միջեւ պայմանավորվածությունների միջոցով։ Այդ մասին այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մեր գերագույն առաջնորդը եւ մենք բոլորս կարծում ենք, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային կողմերի միջեւ պայմանավորվածությունների միջոցով։ Կարծում ենք, որ մեր տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն վատթարացնել և ապակայունացնել իրավիճակը»,- հայտարարել է Փեզեշքիանը՝ վստահություն հայտնելով, որ Պուտինի հետ հետագա շփումները լույս կսփռեն տարածաշրջանի խնդիրների վրա։
Փեզեշքիանը այսօր է ժամանել Մոսկվա։ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո կողմերը կստորագրեն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Պուտինի հետ հանդիպման բաց մասում Փեզեշքիանը նաեւ «լավ նորություն» է անվանել նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ պատվիրակությունները այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանան վերջնական տեսքի բերել նշյալ պայմանավորվածությունը։
ՌԴ նախագահն էլ իր խոսքում նշել է, որ Մոսկվան եւ Թեհրանը կկարողանան շարունակել աշխատանքները ծավալուն նախագծերի, այդ թվում ատոմային էներգիային վերաբերող ոլորտի ուղղությամբ։
«Ձեր այսօրվա այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք ոչ միայն հնարավորություն կունենանք քննարկելու մեր համագործակցության բոլոր ոլորտները, այլեւ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կստորագրենք համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ հիմնական համաձայնագիրը»,- հանդիպմանը նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է, որ նախորդ տարվա 10 ամիսների ընթացքում Ռուսաստան-Իրան ապրանքաշրջանառությունը աճել է 15,5 տոկոսով։