Իսրայելի կառավարությունը պետք է հավանություն տա Գազայի հատվածում հրադադարի եւ այնտեղ պահվող պատանդների ազատ արձակման առաջարկվող համաձայնագրին։ Այս որոշումն ընդունվել է երկրի առանցքային նախարարների մասնակցությամբ ռազմաքաղաքական կաբինետի նիստից հետո։
«Քաղաքական, անվտանգային եւ հումանիտար ասպեկտները քննելուց հետո, հասկանալով, որ առաջարկվող գործարքը նպաստում է պատերազմի նպատակներին հասնելուն, ազգային անվտանգության նախարարական կոմիտեն կառավարությանն առաջարկեց հաստատել առաջարկվող ծրագիրը»,- ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գազայի գործարքը վերջնական տեսքի բերելու համար կառավարության նիստը «կհրավիրվի ավելի ուշ՝ օրվա ընթացքում»:
Սպասվում է, որ կառավարության նիստում որոշիչ քվեարկությունը կկայանա առաջիկա մեկ ժամվա ընթացքում։ Նախարարներն այն պետք է ավարտեն մինչեւ հունվարի 17-ի երեկո, քանի որ հրեական սուրբ հանգստի՝ շաբաթ օրվա հետ կապված՝ Իսրայելի ամբողջ կառավարությունը դադարեցնելու է աշխատանքները։
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայում հրադադարի հաստատման շուրջ պայմանվորվածության ձեռքբերման մասին հունվարի 15-ին հայտարարեց Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին՝ նշելով, որ այն ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։
Ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաեւ անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Պայմանավորվածության համաձայն՝ համաձայնագիրը կյանքի կկոչվի երեք փուլով։ Առաջին փուլը ենթադրում է 42 օրով հրադադարի հաստատում, Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում, այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակում, իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։
Երկրորդ եւ երրորդ փուլերով էլ ենթադրվում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված եւ պատանդ պահվող իսրայելցի տղամարդ զինվորականների ազատում, Գազայի հատվածի սահմաններ իսրայելական բանակի ամբողջական հետքաշման ավարտ, հակամարտության ընթացքում սպանված պատանդների աճյունների հանձնում եւ Գազայի հատվածի վերականգնում։