Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում խորհրդարանի անդամների եւ ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջեւ մանրամասն քննարկում է ծավալվել Արցախյան վերջին պատերազմի եւ հետագա զարգացումների շուրջ։
Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները վերոնշյալ քննարկման ընթացքում ԱԳ նախարարին տասնյակ հարցեր են ուղղել Արցախյան վերջին պատերազմի հետեւանքների եւ դրանց վերացման, ԵՄ-Ադրբեջան համագործակցության դադարեցման, պաշտոնական Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, Թուրքիայի դերի եւ այլ թեմաների վերաբերյալ։
Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարար Սիգրիդ Կաախն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախյան վերջին պատերազմին, հետագա զարգացումներին եւ հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։
Նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է միջազգային միասնական գործողությամբ ի նպաստ հակամարտության վերջնական կարգավորման Նիդերլանդների դիրքորոշումը՝ մտադրություն հայտնելով շարունակել ԵՄ եւ ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները:
Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի դիրքորոշումը, որ բոլոր ռազմագերիները անհապաղ պետք է հայրենադարձվեն՝ նշելով, որ Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը։
Նամակում նաեւ անդրադարձ կա թշնամանք հրահրող այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը:
Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը եւ շեշտել տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղման կարեւորությունը, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը:
Նախարարը անդրադարձել է հակամարտության հետեւանքով տուժածներին մարդասիրական օգնության հատկացման հարցին եւ սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։