ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների տոնայնությունը դրական է որակել: «Ես կատարեցի այն, հանուն ինչի եկել էի Պուտինի հետ հանդիպման»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի փոխհարաբերությունները կանխատեսելի ու կայուն պետք է լինեն։
Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում միջազգային խնդիրներ են քննարկվել, երկուստեք պայմանավորվել են միասին աշխատել Իրանի գծով՝ թույլ չտալու համար, որ Իրանը միջուկային զենք ստանա։ Քննարկվել է նաեւ Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջնային է համարելու մարդու իրավունքների հարցը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։
«Հիմա մենք Ռուսաստանի հետ աշխատանքի եւ հարաբերությունների կառուցման հստակ հիմք ունենք։ Հաջորդ 6-12 ամիսները ցույց կտան` ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հաջողվե՞լ է ռազմավարական երկխոսության սկիզբ դնել, թե՞ ոչ»,- ընդգծել է Բայդենը։
Պատասխանելով նոր սառը պատերազմին վերաբերող հարցին` ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այն չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից։
Գագաթնաժողովը՝ միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում ցույց է տվել, որ հասկանում է Ռուսաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ միջուկային պատերազմից խուսափելու նպատակով:
Մենենդեսը ողջունել է ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության կարգավորումը եւ հույս հայտնել, որ կհաջողվի նշանակալի առաջընթացի հասնել զինված հակամարտությունների ռիսկի նվազեցման գործում:
Սենատոր Մենենդեսը խոստացել է, որ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն կշարունակի խիստ հսկողություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հարցում՝ «ապահովելու վարչակազմի հռետորաբանության համապատասխանությունը նրա գործողություններին»:
Բարելավման նշաններ
ԱՄՆ վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը կառուցողական է գնահատել, իսկ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում նկատվել են բարելավման նշաններ:
Նա նշել է, որ Պուտինի եւ Բայդենի բանակցությունները շատ անկեղծ էին, փաստերի վրա հենված, կառուցողական, զերծ բանավեճից:
ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների մի քանի ոլորտներում արդյունավետ առաջընթաց է նկատվում, հատկապես ռազմավարական կայունության գործընթացի մեկնարկի առումով, ինչը նախօրեին հաստատել է նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: