Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ից ստացել է այն պատանդառված անձանց ցուցակը, որոնք պետք է այսօր ազատ արձակվեն հունվարի 14-15-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
«Անվտանգության ծառայություններն այս պահին ստուգում են մանրամասները։ Պատանդների վերադարձի համակարգող, պահեստազորի բրիգադի գեներալ Գալ Հիրշը Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչների միջոցով տեղեկացրել է պատանդների ընտանիքներին: ԶԼՄ-ներին և հանրությանը խնդրում ենք չտարածել ցուցակի մանրամասները, ցուցաբերել պատշաճ զգուշություն և հարգել ընտանիքների մասնավոր կյանքը»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք՝ ՀԱՄԱՍ-ը ժամեր առաջ հայտարարել էր, որ պատանդառվածների ցուցակը արդեն փոխանցել է իսրայելական կողմին։ Պաղեստինյան շարժումը նաեւ նշել էր, որ Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակում հրադադարի առաջին օրը ազատ կարձակվեն 24-ամյա Ռոմի Գոնենը, 28-ամյա Էմիլի Թեյլա Դամարին և 31-ամյա Դորոն Շտայնբրեխերը։
Այսօր առավոտյան Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Նեթանյահուն անվտանգության խորհրդի նիստից հետո Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է Գազայի հատվածում չանցնել հրադադարի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի հանձնել այն պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն։
«Վարչապետը անվտանգության խորհրդակցություն է անցկացրել՝ կապված ազատ արձակվող պատանդների ցուցակի ստացման հետաձգման հետ։ Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է չսկսել հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ 08:30-ին, քանի դեռ Իսրայելը չի ստացել ազատ արձակման ենթակա պատանդների ցուցակը, որը ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է տրամադրել»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀԱՄԱՍ-ն էլ տելեգրամյան ալիքի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ նշել էր, որ պատանդառվածների ցուցակը հնարավոր չի եղել հանձնել իսրայելական կողմին տեխնիկական պատճառներով։
«ՀԱՄԱՍ-ը հաստատում է, որ պահպանում է հրադադարի համաձայնագիրը՝ նշելով, որ պատանդների ցուցակի հանձնման հետաձգումը պայմանավորված է տեղում առաջացած տեխնիկական պատճառներով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայում հրադադարի հաստատման շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին հունվարի 15-ին հայտարարեց Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին՝ նշելով, որ այն ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։
Ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաեւ անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Պայմանավորվածության համաձայն՝ համաձայնագիրը կյանքի կկոչվի երեք փուլով։ Առաջին փուլը ենթադրում է 42 օրով հրադադարի հաստատում, Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում, այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակում, իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։
Երկրորդ եւ երրորդ փուլերով էլ ենթադրվում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված եւ պատանդ պահվող իսրայելցի տղամարդ զինվորականների ազատում, Գազայի հատվածի սահմաններ իսրայելական բանակի ամբողջական հետքաշման ավարտ, հակամարտության ընթացքում սպանված պատանդների աճյունների հանձնում եւ Գազայի հատվածի վերականգնում։