Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ «հեռախոսազրույցի նպատակը առաջիկա ամիսներին անձնական հանդիպման շուրջ քննարկումն է, որը նվիրված է լինելու Ուկրաինայի պատերազմին վերջ տալու փորձին»։
Դոնալդ Թրամփի թիմը Պուտինի հետ հանդիպմանը սկսել էր նախապատրաստվել մի քանի շաբաթ առաջ, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նշանակված է հանդիպման օրը, նշում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը, ամերիկացի եւ ռուս պաշտոնյաները կկարողանան լիարժեքորեն սկսել նախագահների անձնական հանդիպման կազմակերպման աշխատանքները։
Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին ԱՄՆ նախագահ դառնալուց 24 ժամ հետո։ Նա նախագահի պաշտոնը կստանձնի այսօր՝ հունվարի 20-ին, իր երդմնակալության արարողությունից հետո։
The Washington Post-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո։ Զրույցի ընթացքում ԱՄՆ ընտրված նախագահը Պուտինին կոչ է արել «չսրել պատերազմը» եւ հիշեցրել, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի «զգալի» քանակ կա, ասել են պարբերականի աղբյուրները։ Կրեմլը հերքել է հեռախոսազրույցի մասին տեղեկությունները՝ հրապարակումն անվանելով «մաքուր հերյուրանք»։
Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստության ընթացքի մասին հայտարարել է նաեւ անձամբ Թրամփը, սակայն Կրեմլը նշել է, որ այս հարցում դեռեւս հստակություն չկա։
Ավելի վաղ Շվեյցարիան եւ Սերբիան հայտարարել էին, որ պատրաստ են ընդունելու Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։