Թուրքիան բարձր է գնահատում կազմակերպված հանցավոր գործունեությամբ զբաղվող երկու անձանց արտահանձնման համար Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։ Այդ մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության տեքստում։
Նախօրեին ՀՀ արտգործնախարարությունն էր հայտարարել, որ ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքի` Հայաստանը հունվարի 19-ին Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք այդ երկրում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։
Ավելի ուշ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքաիան հայտնել էր, որ Էրջան Յըլմազին եւ Իբրահիմ Քայմակին Հայաստանից Թուրքիա են տեղափոխել թուրքական ոստիկանության աշխատակիցները։ Յըլմազը կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար է, իսկ Քայմակը՝ խմբի անդամ, նրանց Անկարայում առնվազն համապատասխանաբար 15 եւ 6 տարվա ազատազրկում է սպառնում։