2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց քիչ ավելի ժամանակ է մնացել։ Թե՛ իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի վերականգնված համացանցային ակտիվության եւ կադրային փոխատեղումների, թե՛ ընդդիմությունը պատրաստվում են դրան։ Ավելին՝ ընդդիմադիր դաշտում խմորումներ եւ փոխադարձ հարձակումներ են։ Սկսվել է բոլորի պատերազմը բոլորի դեմ հանուն «միակ» եւ «իրական» ընդդիմության ամպլուայի։ Գնում է զուգահեռ պիտակումների, մեղադրանքների, երբեմն նաեւ կոմպրոմատների փոխհրաձգություն։
«Եվրոպամետները» խոստանում են ճանապարհ դեպի ԵՄ, դրախտի դռներ ու քաղաքակրթական ապագա։ «Ռուսամետները», հակառակը, խոսում են ռեալիզմից, սթափեցնում հանրությանը սին հույսեր չունենալու, հիշեցնում Ադրբեջանի դամոկլյան սրի, ռուսական պատժի եւ նոյեմբերի 9-ի միջանցքի մասին։
Սերժ Սարգսյանի թիմը գրոհ է սկսել Ռոբերտ Քոչարյանի թիմի վրա, բոլորը արգահատում կամ կարեկցում են Բագրատ Գալստանյանի տապալված «հայակրաց» արշավանքին։ Թեւածում են «նախկին ընդդիմությունը պետք է հեռանա», «նոր ընդդիմությանը պետք է թողնել աշխատել» կոչերը՝ կրկնելով նորացված նախկիններին եւ փնովելով նախկին նորերին։
Բայց այս բոլորին միավորում է մի կարեւոր ու շատ առանցքային հանգամանք։ Նրանք բոլորը պատրաստվում են գալիք խորհրդարանական ընտրություններին ոչ թե իշխանության, այլ միմյանց դեմ պայքարի։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գալիք ընտրությունների օրակարգում դրված է ոչ թե իշխանափոխության, այն, ինչ տեսել ենք տասնամյակներ ի վեր, այլ ընդդիմափոխության հարց։
Արտախորհրդարանական ընդդիմադիրները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերին «խնդրում, պահանջում կամ հայցում» են հեռանալ ասպարեզից եւ դաշտը թողնել իրենց։ Խորհրդարանականները շարունակում են «թուրք, դավաճան ու ծախված» հռչակել Փաշինյանին՝ ամեն կերպ բարձրացնելով նրա վարկանիշը իրենց հանդեպ ատելության ու հանրային անվստահության հաշվին։
Զուգահեռաբար, արտախորհրդարանական ընդդիմության շրջանում նաեւ դաշինքային քննարկումներ են։ Բոլորն էլ հասկանում են, որ միայնակ հնարավոր չի լինի հաղթահարել 5%-ի շեմը՝ թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպչական ու ֆինանսական ռեսուրսների անբավարարությամբ պայմանավորված։
Նախ կարծես թե նշմարվում է Մարուքյան-ՀԱԿ-Սուրենյանց հնարավոր դաշինքը։ Տեսնում ենք նաեւ Մարությանին, որը, հավանաբար, որպես բոլորից անկախ ընդդիմադիր ուժ, որոշի միայնակ գնալ ընտրության, ինչպես որ իր ուժերը փորձեց Երեւանի համայնքային ընտրություններում։
«Եվրոպական երազանք»-ի եւ հակառուսական ուղղության ջահակիրը կլինի Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Լեւոն Շիրինյան, Տիգրան Խզմալյան կվարտետը։
Փաշինյանն իր հերթին ձգտում է էլ ավելի ընդլայնելու իր էլեկտորատը, որպեսզի կարիք չունենա կոալիցիաների ու «պարտքի տակ» չմնա։ Զուգահեռաբար, բոլոր կողմերը խոստանում են ՀՀ քաղաքացուն ծայրահեղ եւ անչափելի խոստումներ. եթե արեւմտամետների խոստումը՝ ՆԱՏՕ, ԵՄ, մեղրի գետերն են, ապա ռուսամետները խոստանում են պատիժ, կրակ եւ Ուկրաինա, եթե շեղվենք ռուսական սուրբ գծից։ Փաշինյանն իրեն դիրքավորում է այս երկուսի մեջտեղում՝ որպես «ողջախոհության» փարոս՝ մի քիչ դեպի Եվրոպա, մի քիչ հեռու Ռուսաստանից, ինքն ու իր գլխավորած ուժն էլ կլինեն ամեն գնով պատերազմից խուսափելու երաշխավորները։ Իհարկե, խաղաղություն էլ են խոստանում, բայց այնպես եւ այնքանով, որքան որ խաղաղություն է ցանկանում ամեն բանական էակ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։