90 պաղեստինցի բանտարկյալ է Իսրայելը ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակում։ Սա կատարվել է նախօրեին ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված երեք իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի բանտերի վարչության հայտարարությունը։
Մինչ փոխանակումը բանտարկյալներին տեղափոխել են Երուսաղեմի մոտ գտնվող «Օֆեր» բանտ։ Ազատ արձակվելուց առաջ Իսրայելի անվտանգության ուժերը եւ Կարմիր խաչի ներկայացուցիչները ստուգել են յուրաքանչյուր բանտարկյալի ինքնությունը եւ բժշկական հետազոտություն են անցկացրել։
Փոխանակվող բանտարկյալների թվում եղել է 69 կին, այդ թվում՝ մեկ անչափահաս աղջիկ, ութ անչափահաս տղա եւ 12 տղամարդ։ Ազատ արձակվելուց հետո նրանցից 78-ը տեղափոխվել է Հորդանան գետի արեւմտյան ափ, իսկ 12-ը՝ Արեւելյան Երուսաղեմ։
Al Jazeera-ի տվյալներով՝ ազատ արձակվածների թվում է Եվրոպայի խորհրդում Պաղեստինի ներկայացուցիչ եւ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի բանտարկյալների կոմիտեի ղեկավար Խալիդա Ջարարը։
Նշենք, որ պաղեստինցի բանտարկյալների եւ իսրայելցի պատանդների առաջին փոխանակումը սկսվել է հունվարի 19-ին՝ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ Գազայում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում։ Գործարքին հաջողվել էր հասնել ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդության շնորհիվ։
ՀԱՄԱՍ-ը նախօրեին ազատ է արձակել երեք իսրայելցի կանանց՝ 24-ամյա Ռոմի Գոնենին, 28-ամյա Էմիլի Դամարիին եւ 31-ամյա Դորոն Շտայնբրեխերին։
Ընդհանուր առմամբ սպասվում է, որ համաձայնագրի իրագործման առաջին փուլում, որով Գազայում հաստատվում է 42 օր տեւող հրադադար, ՀԱՄԱՍ-ը 97 պատանդներից ազատ կարձակի 33-ին, իսկ Իսրայելը՝ 1000-ից ավելի բանտարկյալի։