Երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թեւը՝ «Իզ ալ-Դին ալ-Քասամ բրիգադները» «Պաղեստինյան իսլամական ջիհադի» հետ Գազայի տարածքից հարձակվեցին Իսրայելի հարավային շրջանների վրա, որի հետեւանքով սպանվեց 1200, եւ գերեվարվեց ավելի քան 250 մարդ, հստակ էր, որ հրեական պետությունը իր ռազմական մեքենան որպես պատասխան գործի էր դնելու ամբողջ թափով։
Իրադարձություններից կարճ ժամանակ անց Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան գործողությունը Գազայի հատվածում բաղկացած կլինի երեք փուլից.
- ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ոչնչացում,
- «Ցածր ինտենսիվության» փուլ՝ դիմադրության օջախների վերացում,
- Գազայում կենսապայմանների ապահովման հարցում Իսրայելի պատասխանատվության բացառում։
Այսինքն՝ Գալանտը հայտարարում էր պատերազմի ռազմական եւ քաղաքական նպատակների մասին։ Կլաուզեւիցի թեորիայի համաձայն՝ Գալանտի հայտարարած առաջին երկու ռազմական նպատակները, այն է՝ թշնամուն «զինաթափելը» եւ «նրան ռազմական առումով անզոր դարձնելը», պետք է աջակցեին երրորդին՝ քաղաքական նպատակին հասնելուն։
Թերեւս պարզ էր նաեւ, որ Գազայում պատերազմ սկսելով՝ Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի հայտարարած երեք նպատակներով չէր, որ պետք է սահմանափակվեր հրեական պետությունը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել էր, որ Իսրայելը ռազմական գործողությունները չի դադարեցնի, քանի դեռ տուն չի վերադարձրել բոլոր պատանդառվածներին եւ ոչնչացրել ՀԱՄԱՍ-ին` իր ռազմական ու կառավարական հնարավորություններով։ Իսրայելի վարչապետը այսպիսի հայտարարություններով ձգտում էր, մի կողմից, հասարակության շրջանում ուժի մեջ պահելու ձգձգվող ռազմական գործողությունների լեգիտիմությունը, մյուս կողմից՝ պարզեցնելու պատերազմի ռազմական եւ քաղաքական նպատակները։
Շուրջ 46 հազար պաղեստինցու կյանք խլած (պաղեստինյան կողմի տվյալներով) ռազմական գործողությունների հետեւանքով թե որքանով իսրայելական կողմին հաջողվեց հասնել իր առջև դրած նպատակներին, ցույց տվեց հունվարի 15-ին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Ընդ որում՝ երկարատեւ բանակցություններից հետո մեծ դժվարությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը, որը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին, Իսրայելի կառավարությունը 24 կողմ եւ 8 դեմ ձայներով վերջնականապես հաստատեց միայն հունվարի 17-ի երեկոյան՝ ավելի քան վեց ժամ տեւած քննարկումներից հետո։
Այսպիսով, եթե փորձենք համախմբել համաձայնագրի դրույթների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, ապա այն կունենա հետեւյալ տեսքը․
- Փուլ առաջին․ հրադադարի հաստատում 42 օրով, Գազայի հատվածի բնակավայրերից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում, այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց, այդ թվում՝ կին զինվորականների ազատ արձակում, իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։
- Փուլ երկրորդ․ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված եւ պատանդ պահվող իսրայելցի տղամարդ զինվորականների ազատում, Գազայի հատվածի սահմաններ իսրայելական բանակի ամբողջական հետքաշման ավարտ, հակամարտության ընթացքում սպանված պատանդների աճյունների հանձնում։
- Փուլ երրորդ․ Գազայի հատվածի վերականգնում։
Սա ցույց է տալիս, որ Իսրայելը 15 ամիս տեւած պատերազմի ընթացքում, որը, ի դեպ երկրի անկախությունից հետո մղած պատերազմներից ամենաերկարն էր, չհասավ իր առջեւ դրած ռազմական եւ քաղաքական նպատակներին։ Սա առաջին հերթին վկայում է այն հանգամանքը, որ պատերազմը Իսրայելի համար փաստացի կավարտվի առանց ՀԱՄԱՍ-ի ոչնչացման կամ, ինչպես վարչապետ Նեթանյահուն էր հայտարարում, ռազմական ու կառավարական հնարավորությունների վերացման։ Ավելին՝ մամուլում արդեն տեղեկություններ կան, որ պաղեստինյան շարժումը կարողացել է հավաքագրել եւ համալրել ռազմական գործողությունենրի ընթացքում կրած մարդկային կորուստները, որը, ի դեպ, սպասելի էր (թե ինչու է սա հաջողվում ՀԱՄԱՍ-ին, գրել եմ դեռեւս 2024-ի փետրվարին «Պերմանենտ պատերազմ կամ ինչո՞ւ է Իսրայելը Գազայում դիմում անհամաչափ ուժի կիրառման» վերնագրով հոդվածում)։ Երկրորդ՝ Իսրայելի համար պատերազմը ավարտվում է նաեւ առանց ռազմական գործողությունների ընթացքում պատանդառվածների մի մասի եւ գերիների ազատ արձակման, այսինքն՝ Նեթանյահուի հայտարարած հիմնական նպատակներից առաջինը՝ գերիների վերադարձ, ապա՝ պատերազմի դադարեցում, կյանքի չի կոչվում։
Այստեղ նոր հարցեր են առաջանում․ իսկ ինչո՞ւ այնքան «փիառված» եւ «լեգենդար» հաղթանակներ տարած իսրայելական բանակը չկարողացավ հաղթել ՀԱՄԱՍ-ին, ի՞նչ մարտավարությամբ էր գործում հրեական պետությունը, որը չապահովեց «վճռական հաղթանակը»։
Ինչու Իսրայելը չհաղթեց ՀԱՄԱՍ-ին
Սկսենք այնտեղից, որ մինչեւ 1980-ականները Իսրայելի պաշտպանության բանակը հարեւան արաբական երկրների հետ մղած պատերազմներում «վճռական հաղթանակների» երկար պատմություն ուներ շնորհիվ կրակային մեծ ուժի, ճշգրիտ զինատեսակների, մանեւրումների, հետախուզական եւ վերահսկման միջոցների։ Սրանց շնորհիվ Իսրայելի պաշտպանության բանակին 1967 թվականին հաջողվեց վեց օրվա ընթացքում պարտության մատնել Եգիպտոսի, Սիրիայի եւ Հորդանանի բանակներին՝ փլուզելով դաշնակից արաբական երկրների պաշտպանական ամբողջ համակարգը, եւ օկուպացնել Սինայի թերակղզին, Գոլանի բարձունքները եւ Հորդանան գետի արեւմտյան ափը։ Ընդ որում՝ Եգիպտոսը 11 տարվա ընդմիջումից՝ 1956 թվականի Սուեզի ճգնաժամից հետո, Սինայի թերակղզին կորցնում էր երկրորդ անգամ։ Ճիշտ է, այդ ժամանակ Իսրայելի հետ Եգիպտոսի դեմ պատերազմում էին նաեւ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, սակայն ցամաքային լայնամասշտաբ գործողությունները սկսել էր իսրայելական բանակը, որը կրկին կարողացել էր կարճ ժամանակամիջոցում ճեղքել եգիպտական պաշտպանությունը եւ հասնել մինչեւ Սուեզի ջրանցք։
Իսրայելը իր ունեցած ռազմական առավելությունները կարողացավ նաեւ գործի դնել 1973 թվականի հոկտեմբերին սկսված Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ, երբ Եգիպտոսն ու Սիրիան լայնածավալ հարձակում սկսեցին Գոլանի բարձունքներն ու Սինայի թերակղզին վերադարձնելու համար։ Թեեւ իսրայելական բանակը այդ ժամանակ մեծ դժվարությամբ կանգնեցրեց հարձակվող երկու արաբական բանակներին, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ռեզերվի արագացված մոբիլիզացիայի եւ ստորաբաժանումների վերախմբավորման շնորհիվ կարողացավ լուրջ հակահարված տալ։
Բայց այս ռազմական շռնդալից հաղթանակները մնացին անցյալում։ Իսրայելը այլեւս ուղիղ հակամարտությունների մեջ չի մտել այդ երկրներից եւ ոչ մեկի հետ։ Փոխարենը այսօր իսրայելական բանակը Պաղեստինում եւ Լիբանանում առճակատվում է այնպիսի ռազմականացված կազմավորումների հետ, որոնք, իր տարածաշրջանային հակառակորդների կողմից լայնածավալ աջակցություն ստանալով, որդեգրել են պարտիզանական պատերազմի մեթոդներին նմանվող մարտավարություն: Հիմնականում այս պատճառով Իսրայելը զրկվել է մարտական գործողությունների ընթացքում իր ունեցած երբեմնի առավելությունները օգտագործելու հնարավորություններից։
Ասվածի վառ օրինակ կարող է լինել 2006 թվականին Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ մղած պատերազմը, երբ ռազմական գործողությունների առաջին շաբաթվա ավարտից հետո սպառվեցին նախապես ձեռք բերված հետախուզական տվյալները, իսկ հետագա «իմպրովիզացիոն» փորձերը այդպես էլ լուրջ արդյունքներ չտվեցին Իսրայելի պաշտպանության բանակին։
Պատերազմի հետեւանքով հայտնաբերված մեծ բացերը փակելու եւ բանակը նոր մարտահրավերներին համապատասխանեցնելու համար Իրայելի բարձր հրամանատարությունը 2019-2020 թվականների ընթացքում մշակեց երկու նոր հայեցակարգ։ Առաջինը կոչվում էր «Իներցիոն բազմամյա ծրագիր», իսկ երկրորդը՝ «Հաղթանակի գործառնական հայեցակարգ»։
Առաջինի համաձայն՝ անհրաժեշտ էր կառուցել այնպիսի պաշտպանական համակարգ, որը ունակ կլիներ հետ մղելու հակառակորդի ցանկացած հարձակում։ Այս հայեցակարգի շրջանակում սկսեցին լայնորեն ներդրվել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանական համակարգերը։ Դրանց խնդիրն էր գրեթե զրոյի հասցնել հակառակորդների չկառավարվող հրթիռներով իրականացվող հարձակումների արդյունավետությունը։ Արդեն կառավարվող հրթիռների դեմ պայքարի համար էլ գործի դրվեցին ՀՕՊ-ի առավել հզոր համակարգեր։ Բացի այդ՝ Լիբանանի եւ Գազայի հետ սահմանին կառուցվեց վերահսկողության նոր համակարգերի (ներառյալ ավտոմատացվածները) եւ փոքր ռազմակայանների ցանց։ Այս ամենը պետք է կանխեր ռազմականացված փոքր խմբավորումների հարձակումները։ Իսկ հարձակման դեպքում դրանք հետ մղելուց հետո ԻՊԲ-ն պետք է անցներ արդեն, այսպես կոչված, «սթափեցնող» հարվածների, որոնք հակառկորդին հարկադրելու էին վերադառնալ ստատուս քվոյին՝ թույլ չտալով քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել։
Իսրայելն օգտագործեց պայքարի այս ձեւը ՀԱՄԱՍ-ի դեմ 2021 թվականի կարճատեւ պատերազմի ժամանակ։ Պաղեստինյան այս շարժումը, որը փաստացի շրջափակման մեջ էր Գազայում եւ տիրապետում էր բավականին համեստ հնարավորությունների, այդպես էլ չկարողացավ զանգվածային հրթիռային հարվածներով ճեղքել իսրայելական ՀՕՊ-ի պաշտպանությունը։ Իսկ իսրայելական կողմը պատասխան հրթիռային հարվածներով կարողացավ ՀԱՄԱՍ-ին հարկադրել վերադառնալ ստատուս քվոյին եւ խուսափել լայնամասշտաբ ցամաքային գործողություններից։
Երկրորդ հայեցակարգը, որը մշակվել էր մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 7-ը (Իսրայելի հարավային շրջաններ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման օրը), ենթադրում էր Իսրայելի պաշտպանության բանակին վերադարձնել ունեցած երբեմնի նախաձեռնողականությունը եւ կրկին արդյունավետ դարձնել նրա բոլոր ավանդական առավելությունները։ Սա այն պատճառով, որ իսրայելի ռազմական ղեկավարությունը կարծում էր, որ պասիվ պաշտպանությունը եւ զսպումը կարող էին պարտության հանգեցնել հատկապես լիբանանյան ճակատում, քանի որ Իրանի կողմից բացահայտորեն աջակցություն ստացող «Հեզբոլլահի» հնարավորությունները ոչ միայն զգալիորեն գերազանցում էին ՀԱՄԱՍ-ի հնարավորությունները, այլեւ շարժումը կարող էր իր արձակած հրթիռների քանակով մի քանի շաբաթվա ընթացքում սպառել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը եւ հեշտությամբ խոցել երկրի ռազմական եւ քաղաքացիական թիրախները:
Սակայն հոկտեմբերի 7-ը ցույց տվեց, որ ՀԱՄԱՍ-ը նույնպես կարող է զգալի վնաս պատճառել Իսրայելին եւ ձախողել հրեական պետության հետախուզական համակարգը։ Սա էլ ցույց տվեց, որ ո՛չ «Երկաթե գմբեթը», ո՛չ էլ օդուժը չեն կարող ինքուրույն հաղթել պաղեստինյան ռազմականացված խմբավորումների դեմ պատերազմներում։
2008 եւ 2014 թվականներին Գազայի մարտավարական հաջող, բայց ռազմավարական առումով անհաջող ցամաքային ներխուժումները ցույց տվեցին, որ Իսրայելի պաշտպանության բանակը պարզապես չունի այն համակարգերը, որոնք անհրաժեշտ են արագ ու վճռական հաղթանակի հասնելու համար:
- Նոր հայեցակարգի համաձայն՝ թե՛ «Հեզբոլլահը» եւ թե՛ ՀԱՄԱՍ-ը համարվում են ոչ միայն «ահաբեկչական» խմբավորումներ, այլեւ «հրթիռային բանակներ ունեցող ահաբեկչական ցանցեր»։
- Դրանց արդյունավետորեն հակազդելու համար Իսրայելի պաշտպանության բանակը պետք է առավելություններ ունենա հետախուզության, կառավարման եւ ճշգրիտ սպառազինության ոլորտներում:
- Իսրայելի պաշտպանության բանակը, զենքի գնումները եւ երկրի ներսում քաղաքացի-բանակ հարաբերությունները պետք է այնպիսի բարեփոխումների ենթարկվեին, որպեսզի զինվորականները կարողանան արագ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի կամ «Հեզբոլլահի» թաքնված կրակային դիրքերը:
- Առաջին քայլը Իսրայելի պաշտպանության բանակի եւ հետախուզական ծառայությունների կողմից Լիբանանում հազարավոր թիրախներով բազաներ հիմնելն էր, որպեսզի ինքնաթիռները եւ այլ ճշգրիտ զենքի համակարգերը կարողանային հարվածել թշնամու բոլոր ենթակառուցվածքներին նախքան դրանք Իսրայելի դեմ օգտագործելը:
- Բնականաբար, «Հեզբոլլահը» համարվում էր գլխավոր եւ ամենավտանգավոր թշնամին ոչ միայն սեփական հնարավորությունների, այլեւ այն պատճառով, որ հենց Իրանն էր դրան աջակցում: Հասկանալի էր, որ Լիբանանում բախման դեպքում ամեն ինչ կարող է հասնել Թեհրանի հետ ուղիղ փոխադարձ հարվածներին։
- Իսրայելի պաշտպանության բանակը եւ հետախուզական ծառայությունները չէին նախատեսում սահմանափակվել թիրախների տվյալների բազայի ստեղծմամբ. հայեցակարգի համաձայն՝ պետք է ստեղծվեին Իսրայելի պաշտպանության բանակի այնպիսի ստորաբաժանումներ, որոնք գետնի վրա շփման մեջ կլինեին տեղի ուժերի հետ՝ զինյալներին ստիպելով բացահայտել իրենց կրակային ուժն ու դիրքերը՝ հրթիռային կայանները, թունելները, շարժական ստորաբաժանումները։ Դրանք բոլորը պետք է անհապաղ նույնականացվեին մարտադաշտի հսկողությունն իրականացնող առաջադեմ տեխնիկայի միջոցով: Դրանից հետո նման թիրախները պետք է արագ բաժանվեին ցամաքային զորքերի, ավիացիայի եւ նավատորմի միջեւ եւ անհապաղ ոչնչացվեին։ Համաձայն հայեցակարգի՝ նման նոր ստորաբաժանումները պետք է ունենային «գումարտակի ուժ (հազար հոգուց պակաս), բայց դիվիզիայի կրակային հզորություն (այսինքն՝ ավելի քան 10 հազար հոգանոց մարտավարական կազմավորումների հզորություն):
Նման նոր համակարգի տիրապետող բանակը կարող էր մեծ օգուտներ տալ Իսրայելին ընթացիկ պատարազմների ժամանակ, սակայն հրեական պետությունը այն ստեղծելու ժամանակ այդպես էլ չունեցավ։ Հայեցակարգի գործառնական մակարդակ տեղափոխելը 2023 թվականի հոկտեմբերին դեռ վաղ փուլում էր։
Գազայի պատերազմի սկզբում իսրայելական հետախուզության ձախողումը (այն չկարողացավ բացահայտել ՀԱՄԱՍ-ի հարձակման պլանը, զինյալների կուտակումն ու տեղաշարժը) ցույց տվեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավարությունը սխալվում էր հակառակորդի մասին տեղեկության տիրապետման վերաբերյալ իր ունեցած առավելությունների հարցում: Բացի այդ՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումը նաեւ ապացուցեց, որ ավտոմատ հսկողության եւ հայտնաբերման համակարգերի վրա հիմնված հետախուզությունը կարող է ձախողվել թշնամու հարձակման դեպքում: Այսպիսով՝ իրադարձությունների նման զարգացումը Բենիամին Նեթանյահուի կառավարությանն այլընտրանք չթողեց. ցամաքային գործողություններից ամեն գնով խուսափել ցանկացող Իսրայելի համար թշնամու զսպումն արդեն անիմաստ տեսություն էր, եւ պարզապես անհրաժեշտ էր «վճռական հաղթանակ»:
Իրադարձությունների զարգացումը ցույց էր տալիս, որ Գազայում սկսված պատերազմի առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքում իսրայելական բանակը ցամաքային գործողություններով պետք է վերահսկողության տակ վերցներ հատվածի զգալի մասը եւ ազատեր հոկտեմբերի 7-ի պատանդառվածներին։ Այսինքն՝ գործեր այն նպատակների շրջանակներում, որոնց մասին, ինչպես նշեցինք սկզբում, հայտարարել էր Գալանտը։
Մեկնարկված ռազմական գործողություններն իրականացվեցին ճիշտ նույն մարտավարությամբ, ինչ Գազայում մղված նախորդ պատերազմների ժամանակ։ Տարբերությունը լայն մասշտաբների մեջ էր։ Նախ՝ այն պատճառով, որ ռեկորդային թվով իսրայելցի պահեստազորայիններ զորակոչվեցին, եւ երկրորդ՝ Գազայում գործողություններն ուղեկցվեցին զանգվածային հարվածներով, որոնք էլ քաղաքացիական բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ դարձան։ Կիրառվել են նաեւ «արհեստական բանականության» օգտագործմամբ թիրախների որոնման եւ ընտրության տեխնոլոգիաներ, որոնք, այս մարտավարության քննադատների խոսքերով, դարձել են քաղաքացիական անձանց շրջանում մեծ թվով զոհերի պատճառ։
Ընդհանուր առմամբ, պատերազմի առաջին փուլը, որի ընթացքում վերահսկողության տակ վերցվեց Գազայի հատվածի մեծ մասը, եւ գործնականում հաջողվեց որոշակիորեն նվազեցնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը, այդպես էլ չհանգեցրեց սահմանված քաղաքական նպատակներից որեւէ մեկի կյանքի կոչմանը։ Այն ավարտվեց 2023 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ կրկին Կատարի, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության շրջանակում հաստատվեց վեցօրյա զինադադար, որի ընթացքում ազատ արձակվեց 105 պատանդ՝ իսրայելական բանտերում պահվող 150 պաղեստինցիների դիմաց։
Դեկտեմբերի 1-ին կողմերը միմյանց մեղադրեցին զինադադարը խախտելու համար, եւ սկսվեց պատերազմի երկրորդ փուլը, որը նույնպես ընթացավ ծանր պայմաններում։ Շուրջ 101 պատանդառված մնաց ՀԱՄԱՍ-ի մոտ, ինչը որոշակի քաղաքական ճնշումների վերածվեց Իսրայելի համար։ Զուգահեռաբար Իսրայելը այդպես էլ ամբողջությամբ չկարողացավ վերացնել կամ գոնե հստակ ապացույցներ ներկայացնել Գազայի հատվածի տակ ՀԱՄԱՍ-ի կառուցած թունելային ցանցերի, զինանոցների, հրամանատարական կետերի եւ այլ ենթակառուցվածքների ոչնչացման մասին։ Ավելին՝ Գազայի հատվածում վերահսկողության տակ վերցրած տարածքներում (հիմնականում հյուսիսում) շարունակում էին դիմադրության օջախներ առաջանալ, կրկին մի խոչընդոտ, որի վերացումը, ինչպես տեսանք, Գալանտը նշել էր ռազմական նպատակների շարքում:
Իսրայելի համար իրավիճակը առավել բարդանում էր նաեւ նրանով, որ ընդլայնվում էին այլ երկրների (այդ թվում՝ Արեւմուտքի կողմից, որի աջակցությունը կարեւոր է Իսրայելի կառավարության համար) եւ կազմակերպությունների կողմից գործադրվող ճնշումները։ Երկրին միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները մեղադրեցին ցեղասպանություն իրականացնելու համար, իսկ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին եւ Գալանտին մարդկության դեմ հանցագործության համար ձերբակալման որոշում հրապարակեց։
Պատերազմի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց վերջնականապես հստակ դարձավ, որ այդպես էլ չի գտնվել պատերազմից դուրս գալու այն ճանապարհը, որն արմատապես կբարելավեր Իսրայելի անվտանգային միջավայրը։ Սա կարեւոր գործոն է, որին հնարավոր չի եղել հասնել նաեւ նախորդ 15 տարիների ընթացքում։ Գազայում (եւ հարավային Լիբանանում) յուրաքանչյուր նախորդ գործողություն քաղաքականապես միայն ուժեղացնում էր Իսրայելի երկու հիմնական հակառակորդներին՝ ՀԱՄԱՍ-ին եւ «Հեզբոլլահին», քանի որ նրանց գոյության նպատակը Իսրայելին ակտիվորեն հակազդելու մեջ է: Ընդ որում՝ երկու այս կառույցները 2023 թվականից Իսրայելի դեմ գործեցին միասնական դաշինքով, ինչը Իսրայելին հարկադրեց Գազայի տարածքում տեղակայված բանակային որոշ մեծ ստորաբաժանումներ տեղափոխել Լիբանանի հետ սահման եւ 2024-ի հոկտեմբերի 1-ից այնտեղ անցնել նոր՝ զսպիչ գործողության։
Այսպիսով՝ այս ամենը նշանակում է, որ հակամարտությունները պայմանականորեն «հաղթանակով» ավարտած Իսրայելը չի կարող շունչ քաշելու ժամանակ ունենալ։ Ինչպես ցույց տվեցին նախորդ տարվա հոկտեմբերի սկզբի իրադարձությունները, ֆիզիկական խոչընդոտների ստեղծումը՝ սկսած պարիսպներից եւ ռազմակայանների ցանցից մինչեւ հզոր հակաօդային պաշտպանություն, նույնպես չկարողացան երկար ժամանակով խնդրի լուծում դառնալ եւ, այսպես ասած, անվտանգային ստատուս քվո ստեղծել։ Թե՛ ՀԱՄԱՍ-ը եւ թե՛ լիբանանյան «Հեզբոլլահը» տարիներ են ծախսել եւ դեռ նորից կծախսեն ստորգետնյա թունելային ցանցերի ստեղծման վրա, որպեսզի կրկին հնարավորություն ունենան վերախմբավորվելու եւ հարվածելու Իսրայելին։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։