Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վաղը՝ հունվարի 21-ին, աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Նշվում է, որ այցի շրջանակում ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Ռուսական կողմի փոխանցմամբ էլ «արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի մանրամասն փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության ու համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ»։
ՌԴ ԱԳ նախարարությունը հավելում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասում տիրող իրադրությանը` շեշտը դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա:
«Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, կաջակցի համագործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը եւ կնպաստի Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդմանը», — ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին ՌԴ արտգործնախարար Լավրովն էր հայտարարել, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԱԳ նախարարը կընդունի հրավերը, եւ հանդիպումը տեղի կունենա։ ՀՀ ԱԳՆ-ից էլ պարզաբանեցին, որ ՌԴ այց նախատեսվում է, իսկ նախարարների հանդիպումը ծրագրված է եղել ավելի քան երկու ամիս առաջ։