Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի լեգիտիմությունը չեն ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը եւ վրաց հանրության մի մասը, հայտարարել է, որ երկրում «անհրաժեշտ է վերջ տալ արմատականությանը եւ լիբերալ ֆաշիզմին»։
«Ներքաղաքական առումով 2025 թվականը կարեւոր տարի է լինելու։ Մենք պետք է վճռական հարված հասցնենք մեր երկրի արմատականներին։ Մեր երկրում պետք է վերջ տալ ռադիկալիզմին եւ լիբերալ ֆաշիզմին։ Սա, անշուշտ, կարեւոր է, որ երկիրը շարունակի իր անխոչընդոտ զարգացումը եւ հասնի իր առջեւ դրված բոլոր ազգային նպատակներին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստից առաջ։
Ավելի վաղ «Վրացական երազանքը» հայտարարել էր քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որի նպատակն է լինելու հետաքննել «2003-2012 թվականներին կառավարած վարչախմբի եւ նրա քաղաքական գործիչների գործունեությունը», այսինքն` այն ժամանակահատվածի, երբ երկրի նախագահը Միխայիլ Սաակաշվիլին էր։