Այս տարեսկզբից Երեւանում հնարավոր չէ բնակարան ձեռք բերել եկամտահարկի վերադարձի արտոնությամբ: 2027 թվականից օրենքը չի գործի Երեւանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ այս որոշման հետեւանքով Երեւանում կառուցապատումը որոշակի չափով կնվազի: Նոր նախագծեր են սկսվում հիմնականում երեւանամերձ տարածքներում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում: Ըստ Հարությունովի՝ մայրաքաղաքում բնակարանների վաճառքը չի դադրարի, սակայն նույն տեմպերով չի կարող ընթանալ:
Ակնկալիքները, թե փոփոխությունը կարող է նպաստել մարզային կյանքի ակտիվացմանը, ըստ փորձագետի, ուռճացված են: Ասում է՝ դրա համար մի քանի կարեւոր նախապայման է անհրաժեշտ, որ առկա չէ:
«Մարզային կյանքն ուղղակի շենքեր կառուցելով հնարավոր չէ աշխուժացնել: Կառուցապատման երկու տարվա ընթացքում այդ տարածքներում որոշակի աշխատատեղեր կլինեն, մարդիկ զբաղվածություն կունենան: Սակայն դրանից զատ ներդրումներ պետք է արվեն, արտադրական, մշակութային, կրթական կենտրոններ կառուցվեն, շարժ լինի, որ մարդիկ ցանկություն ունենան մարզում ապրելու: Մարդկանց համար տուն գնելիս ամենակարեւորը մոտ տարածքում որակյալ դպրոցներ ունենալն է, ենթակառուցվածքները, առօրյան արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները, ջրի, գազի, կոյուղու անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը»,- նշում է Հարությունովը:
Մեր զրուցակիցն ընդգծում է՝ պետությունը վերջին մի քանի տարում տարբեր օրենքներ է ընդունել կառուցապատման ոլորտի վերաբերյալ, ինչը խոչընդոտներ է ստեղծում:
«Երբ «խաղի կանոնները» պարբերաբար փոխվում են, խնդիրներն անխուսափելի են: Կառուցապատման ոլորտը երկարաժամկետ պլանավորում է պահանջում, մեծամասշտաբ եւ երկարատեւ ներդրումներ են կատարվում: Շատերը հողատարածք էին ձեռք բերել Երեւանում, հետո օրենքներ փոխվեցին, ինչն ազդեց նրանց բիզնեսպլանավորման վրա: Այդ ամենին զուգահեռ էապես ավելացել են կառուցապատման ծախսերը: Այժմ, ամենայն հավանականությամբ, առաջնային շուկայում անշարժ գույքի գները որոշակի կբարձրանան»,- ասում է Հարությունովը:
Ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի՝ եկամտահարկի վերադարձի դադարեցումից հետո երկու բացասական հետեւանք արդեն իսկ տեսանելի է:
Առաջինը վերաբերում է կառուցապատման նոր ծրագրերի մեկնարկին. 2024-ի երկրորդ կիսամյակից չկա ազդակ, որ նոր այլընտրանքներ կլինեն:
«Եկամտահարկի վերադարձի դադարեցմամբ քաղաքացիների գնողունակությունը էապես նվազել է, զուգահեռ ավելի է բարդանում կառուցապատումը: Առաջիկայում սպասելի է լայնամասշտաբ ծրագրերի նվազում»,- մեկնաբանում է Սաքապետոյանը:
Երկրորդ բացասական հետեւանքը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ թեեւ կառուցապատման ծրագրեր են մեկնարկում մարզերում, բայց դրանք բացառապես երեւանամերձ տարածքներում են:
«Դրանք օրգանապես Երեւան են. արդյունքում, միեւնույնն է, Երեւանն արհեստականորեն մեծանում է: Սա նաեւ հանգեցնում է քաղաքաշինական խնդիրների, որովհետեւ այդ տարածքներում ենթակառուցվածքներ չկան կամ զարգացած չեն, որոնք թույլ կտան մեծածավալ կառուցապատում անել»,- ասում է Սաքապետոյանը՝ նշելով նաեւ, որ գնանկում չի կանախատեսվում, որովհետեւ կառուցապատումը թանկացել է:
Հաջորդ խնդիրները, ըստ փորձագետի, շոշափելի կդառնան այս տարվա երկրորդ կիսամյակից եւ 2026-ին:
«Դրանք կառուցապատողների շրջանում առաջացող ֆինանսական դժվարություններն են, որոնք կարող են հանգեցնել քաղաքաշինական ծրագրերի կասեցմանը կամ ձախողմանը: Օրենքի ժամկետի ավարտով էապես նվազել է անշարժ գույքի գնման պահանջարկը, ինչով պայմանավորված՝ որոշակի ֆինանսական հոսքեր արդեն նվազելու են: Այն ընկերությունները, որոնք կայուն չեն, ռիսկերը հաշվի չեն առել, հնարավոր է՝ հայտնվեն ֆինանսական ծանր վիճակում, ընդհուպ՝ սնանկություններ, կիսատ մնացող շինարարություններ»:
Հնարավոր խնդիրներից խուսափելու համար «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամը նշում է՝ անհրաժեշտ է ոլորտի խթանման համար նոր՝ այլընտրանքային ծրագրեր մշակել: Այս փուլում արդյունավետ կլինի ռենովացիայի՝ հին բնակֆոնդի թարմացման ծրագիրը:
«Առաջիկա 10 տարին շատ կարեւոր ժամկետ է, որովհետեւ մեր բնակֆոնդի մեծ մասը մաշված է: Տարիներ անց հին շենքերում բնակվելը կարող է վտանգավոր լինել, բայց նաեւ չլինի սեյսմակայուն, ենթակառուցվածքներով ապահովված անհրաժեշտ քանակի բնակֆոնդ»,- նշում է Սաքապետոյանը:
Ինչ վերաբերում է եկամտահարկի վերադարձի սոցիալական բաղադրիչին, որի շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ կարողացան մայրաքաղաքում անշարժ գույք ձեռք բերել, Սաքապետոյանն ասում է՝ ծրագրի նպատակն ի սկզբանե կառուցապատման ոլորտի աշխուժացումն էր:
«Այն ներդրվել է որպես տնտեսական խթանիչ գործիք: Ներառել է սոցիալական բաղադրիչ, բայց չի ունեցել սոցիալական նպատակ: Հետո ծրագիրը որոշակի փոփոխությունների ենթարկվեց եւ սոցիալականացվեց, սահմանվեց 1 բնակարանի պայմանը, ինչն ավելի թիրախային դարձրեց ծրագիրը»,- ասում է նա:
Ըստ Սաքապետայանի՝ եթե պետությունն առնվազն սոցիալական բնակարանաշինության մասով որոշակի գործիքներ չներդնի, ապա ոլորտը կրկին կպասիվանա:
«Օրինակ՝ մենք առաջարկում ենք, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցների մի մասը ուղղվի սոցիալական բնակարանաշինության համար կառուցապատողների կողմից թողարկվող պարտատոմսերին: Դա հնարավորություն կընձեռի բավականին ցածր տոկոսներով վարկեր սահմանելու սոցիալական որոշ խմբերի համար»,- ասում է Արմեն Սաքապետոյանը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: