Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերություններն ինքնաբավ են եւ չեն ենթարկվում համաշխարհային տնտեսական պայմաններին կամ ներքաղաքական գործոններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ։
Իր հերթին Չինաստանի ղեկավարն էլ նշել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները 2025 թվականին «նոր բարձունքի» հասցնելու։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը եւ Չինաստանը ընդհանուր տեսակետներ ունեն այն մասին, թե ինչպես պետք է կառուցվեն մեծ տերությունների հարաբերությունները։
Նրա խոսքերով՝ միջպետական հարաբերությունների «համակողմանի ամրապնդումը լիովին բավարարում է Ռուսաստանի եւ Չինաստանի ընդհանուր զարգացման պահանջները՝ բարձրացնելով երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը»։
ՌԴ նախագահի գնահատմամբ՝ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, չնայած արտաքին բացասական ազդեցությանը, աճել է 7%-ով։
Սի Ծինփինն էլ հավաստիացրել է, որ Պեկինը կձգտի Մոսկվայի հետ պահպանելու կայուն հարաբերությունները «հանուն երկու երկրների զարգացման ու բարգավաճման»։
Նա հայտարարել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը կպահպանեն միջազգային հարաբերությունների այն համակարգը, որտեղ ՄԱԿ-ը հիմնարար դեր է խաղում։
«Մեր ռուս գործընկերների հետ մենք աջակցելու ենք ՄԱԿ-ի վրա կենտրոնացած միջազգային համակարգին։ Պաշտպանելու ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում միլիոնավոր մարդկանց արյունով եւ կյանքով ձեռք բերված հաղթանակը։ Պաշտպանելու ենք Չինաստանի եւ Ռուսաստանի՝ որպես ՄԱԿ-ի հիմնադիր եւ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրների իրավունքները»,- նշել է Սի Ծինփինը։
Պուտինն ու Սի Ծինփինը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին արդեն շփվել էին փակ տեսակապի միջոցով։
Արեւմուտքը Պեկինին հաճախ է մեղադրում ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանին աջակցելու համար։ Չինաստանի իշխանությունները կտրականապես հերքում են նման մեղադրանքները։
Վերջերս էլ միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ռուսական նավթը տեղափոխող ստվերային տանկերների նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով դրանցից մի քանիսը հայտնվել են Չինաստանի ափերի մոտ, քանի որ Պեկինը հրաժարվել է դրանք ընդունելուց։