Մոսկվան հեռանկարային է համարում Հայաստանի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական ձեւաչափի աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Հաստատել ենք մեր հետաքրքրությունը «3+3» խորհրդակցական հարթակի նկատմամբ։ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, եւ նրանց երեք հարեւանները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան։ Այս հարթակը շատ խոստումնալից ենք համարում»,- հայտարարել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երեք երկրների եւ նրանց հարեւան Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը ենթադրող «3+3» խորհրդակցական հարթակը ձեւավորելու առաջարկը Թուրքիայից եւ Իրանից հնչել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հարթակի առաջին նիստը գումարվել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
Առաջին նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրացական կողմը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ չի պատրաստվում տարածաշրջանային համագործակցության մասին քննարկելու Ռուսաստանի հետ, որն օկուպացրել է իր տարածքի 20 %-ը։
Երկրորդ նիստն էլ կայացավ 2024 թվականի հունվարի 18-ին Ստամբուլում, որին կրկին չի մասնակցել Վրաստանի արտգործնախարարը։