Թրամփի աշխարհայացքը՝ զսպողների (restrainers) եւ ռեալիստների գաղափարական բախման կետում:
Ընդունված է նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին բնութագրել որպես մեկուսացման (isolationism) քաղաքականության կողմնակից։ Քննադատները Թրամփին այս կերպ են բնորոշում, քանի որ, ըստ երեւույթին, նա կհրաժարվի ամերիկյան երկարամյա խոր ներգրավվածության ռազմավարությունից, որի հիմքում ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական ներուժի միջոցով լիբերալ աշխարհակարգն ապահովելն է։
Այսուհանդերձ, մեկուսացման քաղաքականության կողմնակից լինելու բնորոշումն ամբողջապես ճշգրիտ չէ։ Այն գերագնահատում է Թրամփի վարչակազմում աշխարհի նկատմամբ ավելի զսպված մոտեցման կողմնակիցների հնարավոր ազդեցությունը։ Իհարկե, կլինեն խմբեր, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության ներսում, որոնք կհորդորեն Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի նկատմամբ ավելի պակաս ռազմականացված մոտեցում ցուցաբերելու, բայց նրանք բախվելու են լուրջ դժվարությունների, երբ փորձեն վարչակազմին համոզել ընդունել նման առաջարկներ:
Իր առաջին պաշտոնավարման ընթացքում Թրամփը հեռու էր մեկուսացման քաղաքականութան կողմնակից լինելուց։ Թեեւ նա հրաժարվեց նախորդ վարչակազմերի ռազմավարությունների որոշ բազմակողմ եւ ազատական տարրերից, սակայն ամբողջապես չվերացրեց ԱՄՆ-ի անվտանգային դերակատարությունն աշխարհում։ Այսպես, օրինակ՝ Չինաստանի հետ մրցակցության դեպքում ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական ուղղություններով Թրամփը շարունակեց ամերիկյան քաղաքականությունը։ Իրանի հարցում նա որդեգրեց առավելագույն ճնշման քաղաքականությունը՝ հրաժարվելով մինչ այդ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելուն միտված զգուշորեն մշակված առկա համաձայնագրից։ Ի լրումն սրա՝ մտահոգ դաշնակիցների շրջանում անհանգստություններից խուսափելու նպատակով «Եվրոպական վստահության նախաձեռնության» շնորհիվ նա Եվրոպայում ավելացրեց ծախսերը, ինչպես նաեւ ռազմական գործողությունները։
Թրամփի երկրորդ վարչակազմում արտաքին քաղաքականության առանցքային պաշտոնների հնարավոր թեկնածուների թվում տեսնում ենք ուժեղ` հաճախ ագրեսիվ խաղացողների, որոնք աջակցում են ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածությանն այս տարածաշրջաններում:
Լայն իմաստով, Հանրապետական կուսակցությունում շատերը շարունակում են հավատարիմ մնալ խոր ներգրավվածության ռազմավարությանը․ նրանք ցանկանում են Արեւելյան Ասիայում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածություն ապահովել որպես անվտանգություն ապահովող գերիշխող ուժ։
Այնուամենայնիվ, Թրամփը բախվում է որոշ հակակշռող ճնշումների, այդ թվում` իր կուսակցության ներսից, փոխելու իր մոտեցումը նախագահության երկրորդ ժամկետում։ Կան որոշ պահպանողականներ, որոնք այլ ռազմավարության՝ «զսպվածության» կողմնակիցներ են։ Նրանց մոտեցման համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է անվտանգություն ապահովող վերջին միջոցը դառնա վերը նշված տարածաշրջաններից մեկում կամ մի քանիսում։ Զսպվածության քաղաքականության հիմքում ընկած է այն համոզմունքը, թե իրատեսական չէ, որ ԱՄՆ-ը խոր ներգրավվածություն ապահովի, քանի որ, ինչպես պատմության ընթացքում այլ մեծ տերությունների դեպքում, դա վտանգում է երկրի ֆինանսական կայունությունն ու առողջությունը, ինչպես նաեւ երկիրը ներքաշում բազմաթիվ արտաքին հակամարտությունների մեջ։ Հետեւաբար, նման քաղաքականության կողմակիցները կոչ են անում, որ ԱՄՆ-ը իր արտաքին քաղաքականությունը դարձնի առավել իրատեսական եւ կայուն (sustainable)՝ հարթելով հակառակորդների հետ տարաձայնությունները, նվազեցնելով իր ռազմական ներկայությունն արտերկրում, ինչպես նաեւ որոշ դաշնակցային պարտավորություններ՝ բարձրացնելով ուժի կիրառման համար սահմանված շեմը։
Թրամփը երբեմն բարձրաձայնել կամ ընդունել է զսպվածության կողմնակիցների քաղաքական նախընտրությունները՝ չբացառելով, որ նման խմբերը կարող են ազդեցություն ունենալ ապագայում։ Օրինակ՝ իր առաջին պաշտոնավարման ընթացքում նա ավելի քննադատաբար էր վերաբերվում ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից «բեռի բաժանման» հարցին, եւ հենց այսպես բանակցվեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը։ Այս նույն տրամաբանությամբ Թրամփը վերահաստատեց զսպվածության կողմնակիցների` Կիեւին անվերապահ օգնություն տրամադրելու վերաբերյալ թերահավատությունը եւ կոչերը Միացյալ Նահանգներին՝ օգտագործելու իր ազդեցությունը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը դադարեցնելու հարցում։
Այս համատեքստում զսպվածության կողմնակից պահպանողականներն ամենայն հավանականությամբ առավել մեծ ազդեցություն կունենան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում տարվող քաղաքականության վրա, որտեղ նրանք կստանան նաեւ արտաքին քաղաքականության ռեալիստների եւ որոշ ձախակողմյան շրջանակների աջակցությունը։ Փաստորեն, զսպվածությունը «մեծ վրան է»՝ լայն հասկացություն (big tent), որը ջնջում է կուսակցական բաժանարար գծերը։ Սակայն սա երկսայր սուր է ցանկացած վարչակազմի, այդ թվում՝ Թրամփի համար։ Մի կողմից՝ զսպվածության քաղաքականության համար կան բազմաթիվ ուղիներ, որոնց արմատները ռեալիստական, պահպանողական եւ առաջադիմական սկզբունքներում են։ Կարճ ասած՝ ռեալիստները պնդում են, թե խոր ներգրավվածությունը անարդյունավետ է եղել, քանի որ ԱՄՆ-ը չափից ավելի է ընդլայնում իր ներկայությունը (overreaches), մինչդեռ այլ պետություններ հավասարակշռում են (balance) նրան։
Պահպանողականները դեմ են խոր ներգրավվածության ռազմավարությանը, քանի որ կարծում են, թե դա զիջում է ԱՄՆ-ի ինքնիշխանությունը, կամ որովհետեւ ԱՄՆ-ի ռազմականացումը սպառնում է քաղաքացիական ազատություններին, բարձրացնում հարկերը կամ չափազանց դժվարացնում կառավարությանը հաշվետու պահելու գործը։ Առաջադիմականները կարծում են, որ խոր ներգրավվածությունը պահպանում է անարդարությունը եւ նպաստում է դրան, օգտագործում ռազմական միջոցներն այն խնդիրների համար, որոնք պահանջում են այլընտրանքային լուծումներ։ Իրաքում եւ Աֆղանստանում ձախողված պատերազմները դիտարկելով որպես խոր ներգրավվածության շարունակության հետեւանք՝ զսպվածության դպրոցի ռեալիստ, պահպանողական եւ առաջադիմական կողմնակիցներն ունեցել են բոլոր պատճառները՝ հանդես գալու արտաքին քաղաքական ուղղության ճշգրտման օգտին: Մերձավոր Արեւելքում ռազմական ներգրավվածության նվազեցումը դրա վառ վկայությունն է։ Զսպվածության կողմնակիցներից շատերը նաեւ հանդես են գալիս Եվրոպայից ԱՄՆ-ի աստիճանական նահանջի օգտին, թեեւ որոշ առաջադիմականներ, հաշվի առնելով Ռուսաստանի վերջին ագրեսիան, ավելի պակաս վճռական են այս հարցում։
Զսպվածության որոշ կողմնակիցներ անհանգստացած են մեծ տերությունների միջեւ պատերազմի աճող ռիսկով։
Մյուս կողմից՝ զսպվածության քաղաքականությունը, «մեծ վրանի» տրամաբանությամբ դիտարկելու պարագայում, մրցակցող պատկերացումներ է առաջ բերում, ինչը դժվարացնում է զսպվածության կողմնակիցների համախմբվելը ընդհանուր փաստարկների եւ մի շարք հարցերում ընդհանուր քաղաքականությունների շուրջ։ Սա հատկապես ակնհայտ է եղել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարությունների պարագայում։ Զսպվածության որոշ կողմնակիցներ մտահոգված են մեծ տերությունների միջեւ պատերազմի աճող ռիսկով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ ԱՄՆ-Չինաստան աճող մրցակցությունը խոչընդոտում է գլոբալ մարտահրավերների, օրինակ՝ կլիմայի փոփոխության հարցում համագործակցությունը։ Այնուամենայնիվ, շատ ռեալիստներ եւ պահպանողականներ, որոնք այլ տարածաշրջաններում ջատագովում են զսպվածության քաղաքականությունը, այս տեսակետին չեն հարում։ Նրանք ավելի ու ավելի զգուշավոր են Չինաստանի վերելքի հարցում, որը կարող է վտանգել ուժերի հավասարակշռությունը, ինչպես նաեւ «ամերիկյան կեսնակերպի» հեռանկարը: Այսպես, եթե Չինաստանը դառնա տարածաշրջանային հեգեմոն՝ գերիշխելով Արեւելյան Ասիայում այնպես, ինչպես ԱՄՆ-ը՝ արեւմտյան կիսագնդում։ Հետեւաբար, նույնիսկ զսպվածության որոշ կողմնակիցներ աջակցում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի խոր ներգրավվածությանը։
Վերընտրված Թրամփի պարագայում նախագահի մեծ ռազմավարական (grand strategy) բնազդները հակասական են։ «Ամերիկան առաջինը» սկզբունքը կարող է նշանակել, որ Թրամփը ԱՄՆ-ի շահերը կդնի մյուսների շահերից վեր, բայց դա անպայմանորեն չի նշանակում, թե նա հետեւողականորեն տուրք է տալու զսպվածությանը։
Թրամփը կբախվի խոր ներգրավվածության կողմնակիցների ճնշմանը ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների կողմից, որպեսզի ավելի շատ ներգրավվի Իսրայելի պաշտպանության գործում, ուժեղացնի աջակցությունն Ուկրաինային, որպեսզի վերջինս կարողանա առավելություն ստանալ Ռուսաստանի հետ բանակցություններում, եւ կկրկնապատկի ջանքերը Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Նման փաստարկները, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանեն Թրամփի բնազդներին հաստատակամ դիրքորոշում ցուցաբերելու եւ կոշտ դիրքերից բանակցություններ վարելու տեսանկյունից։
Այնուամենայնիվ, Թրամփի` ԱՄՆ-ի դաշնակիցներից առավելագույնը պահանջելու նախկին փորձը, ինչպես նաեւ ռեսուրսները ներքին խնդիրներից հեռացնելու շուրջ մտահոգությունները ռազմավարական փոփոխությունների կողմնակիցների համար նոր հնարավորություն են ստեղծում։ Նրանք, ամենայն հավանականությամբ, Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմավարության վրա ամենամեծ ազդեցությունն են ունենալու, որտեղ կարող են միասնական ձայնով հանդես գալ զսպվածության օգտին։
Հոդվածը հեղինակել են միջազգային հարաբերությունների ասոցիացված պրոֆեսորներ Ջեյսոն Քասթիլիոն եւ Ջոն Շուշլերը, ինչպես նաեւ ավագ քաղաքագետ Միրանդա Փրիեբեն։
Ջեյսոն Քասթիլիոն միջազգային հարաբերությունների ասոցիացված պրոֆեսոր է եւ Թեքսաս A&M (Էյ ընդ Էմ) համալսարանի Բուշի կառավարման եւ հանրային ծառայության դպրոցում Մեծ ռազմավարության (Grand Strategy) Ալբրիտոն կենտրոնի համատնօրեն։
Ջոն Շուշլերը միջազգային հարաբերությունների ասոցիացված պրոֆեսոր է եւ Թեքսաս A&M (Էյ ընդ Էմ) համալսարանի Բուշի կառավարման եւ հանրային ծառայության դպրոցում Մեծ ռազմավարության (Grand Strategy) Ալբրիտոն կենտրոնի համատնօրեն։
Միրանդա Փրիեբեն ավագ քաղաքագետ է եւ RAND հետազոտական կենտրոնի ԱՄՆ մեծ ռազմավարության (Grand Strategy) վերլուծության կենտրոնի տնօրեն։
Հոդվածը թարգմանվել է ամերիկյան MSNBC լրատվական կայքից, բնօրինակը հասանելի է այս հղմամբ՝ https://www.msnbc.com/opinion/msnbc-opinion/trump-foreign-policy-isolationist-realist-rcna183877
Թարգմանությունը՝ Դավիթ Պետրոսյանի