ԱՄՆ-ը եւ Աֆղանստանի «Թալիբան» շարժումը գերիների փոխանակում են կատարել: Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Փոխանակման արդյունքում ազատ են արձակվել երկու ամերիկացիներ՝ Ռայան Քորբեթն ու Ուիլյամ Մաքքենթին, եւ «Թալիբանի» մարտիկ Խան Մուհամեդը։
Քորբեթի տուն վերադառնալու մասին հայտնել է նրա ընտանիքը։ Ամերիկացին բնակվում էր Աֆղանստանում, երբ 2021 թվականին թալիբներն այնտեղ գրավեցին իշխանությունը ԱՄՆ զինված ուժերի դուրս գալուց հետո։ Նա ձերբակալվել է 2022 թվականին այնտեղ գործուղման ժամանակ։ Ըստ Քորբեթի ընտանիքի տվյալների՝ նա բանտում անցկացրել է 894 օր։ Ընտանիքը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներկայիս եւ նախկին նախագահներ Դոնալդ Թրամփին եւ Ջո Բայդենին, ինչպես նաեւ Կատարի կառավարությանը նրա ազատ արձակման համար։
CNN-ը եւ The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներից ստացված տեղեկությունը, նշել են, որ ազատ արձակված երկրորդ անձը Ուիլյամ Մաքքենթին է: Նրա մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
«Թալիբանի» կառավարության արտաքին գործերի նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ հաստատել է, որ երկու ամերիկացիները փոխանակվել են Խան Մուհամեդի հետ, որը 2008 թվականին ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ ահաբեկչության մեղադրանքով:
Հայտարարության մեջ «Թալիբանը» փոխանակումն անվանել է Միացյալ Նահանգների հետ «երկար եւ արդյունավետ բանակցությունների» արդյունք եւ քայլ դեպի «երկու երկրների հարաբերությունների կարգավորումն ու զարգացումը»։
Նշենք, որ «Թալիբանի» գլխավորած Աֆղանստանի գործող կառավարության օրինականությունը չի ճանաչել ՄԱԿ-ի որեւէ երկիր։