Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է ՀՀ Սյունիքի մարզում Ռուսաստանի հյուպատոսական ներկայության ընդլայնման հարցը։
«Մենք քննարկել ենք փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզում Ռուսաստանի հյուպատոսական ներկայությունը»,- Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։
«Սա ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է։ Մենք հաշվի ենք առնում այն, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը եւ դրանց թվի ավելացումը համապատասխանում են մեր երկրների շահերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ դեռեւս 2023 թվականի հոկտեմբերին էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել, որ Կապանում հյուպատոսության բացման հարցով Մոսկվան դիմել եւ ստացել է Երեւանի համաձայնությունը։
Արդեն նոյեմբերի սկզբին էլ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի կառավարությունն է հավանություն տվել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ արտգործնախարարության առաջարկին։
«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,- ասվում էր այդ փաստաթղթում, որը ստորագրել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
2024 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ թեեւ հայկական կողմը սկզբունքային համաձայնություն է տվել Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը, սակայն գլխավոր հյուպատոսի համար էկզեկվատուրա (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից) այդպես էլ չի տվել։
Նշենք, որ այժմ Հայաստանի տարածքում կա ՌԴ մեկ հյուպատոսություն, որը տեղակայված է Գյումրիում։